Հայաստանում մշակված դեղամիջոցը պատրաստվում են գրանցել Լիտվայում

3 փետրվարի, 2016  15:55

Հայաստանում մշակված գանգլերոն դեղամիջոցը  շուտով կարող է գրանցվել Լիտվայում:  Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, քիմիական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը:  

Նրա խոսքով, Լիտվայում շատ սրտաբաններ գիտեն այդ դեղամիջոցի մասին եւ կարծում են, որ այն կարող է օգտակար լինել իրենց հիվանդների համար: Սակայն գանգլերոնը, որը միայն Հայաստանում է արտադրվում, նրանց մոտ չի վաճառվում: Այդ պատճառով նախատեսված է գրանցել դեղամիջոցը, որպեսզի հնարավոր լինի այն վաճառել Լիտվայի տարածքում: Առայժմ դեղամիջոցը գրանցված է Հայաստանում, Ուկրաինայում եւ Վրաստանում:  

Գանգլերոնն այնպիսի դեղամիջոց է, որը կիրառվում է հարթ մկանների ջղակծկման դեպքում եւ կանխարգելում է ստենոկարդիայի նոպաները: Այն կիրառում են նաեւ ստամոքսի ցավերի եւ աղեստամոքսային տրակտի մի քանիլ հիվանդության դեպքում:  

Վիգեն Թոփուզյանը նաեւ նշել է, որ Հայաստանի ԳԱԱ-ի Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտա-տեխնոլոգիական կենտրոնը գանգլերոնից բացի, նաեւ մի շարք այլ դեղամիջոցներ եւ ազդող նյութեր է մշակել, որոնցից որոշները արտադրվում եւ արտահանվում են մի շարք երկրներ: Դրանց մեջ կան այնպիսի դեղամիջոցներ, որոնք կիրառվում են նյարդաբանական խանգարումների դեպքում, ինչպես նաեւ արյունահոսությունը դադարեցնող եւ մկաններն ու նյարդերը հանգստացնող նյութեր, որոնք կիրառվում են ատամնաբույժների եւ վիրաբույժների կողմից: 

Ինչպես նշել է Վիգեն Թոփուզյանը, հայ գիտնականները նաեւ հակաքաղցկեղային դեղամիջոց են մշակում, որը դեռ պատրաստ չէ կլինիկական փորձարկումների համար եւ, նախնական տվյալների համաձայն, երկրորդական բազմաթիվ հետեւանքներ է ունենում   (ինչպես եւ, իմիջիայլոց, ուռուցքաբանության մեջ կիրառվող այլ դեղամիջոցներ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում