Երկաթով սննդային հավելումները վնասում են ԴՆԹ-ն

15 փետրվարի, 2016  21:42

Երկաթով սննդային հավելումները կարող են ընդամենը   10 րոպեում վնաս  հասցնել  օրգանիզմին, զգուշացնում են Լոնդոնի կայսերական քոլեջի գիտնականները: Նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ այդ հանքանյութն արյունատար անոթներում վնասում է ԴՆԹ-ն: 

Չնայած հետազոտությունները կատարվել են լաբորատոր պայմաններում, ոչ թե ողջ մարդկանց վրա, մասնագետները պարզել են, որ հավելումներում պարունակվող երկաթի մակարդակը կարող է 10 անգամ գերազանցել մարդու առողջությանն անհրաժեշտ նորման: 

Երկաթն օրգանիզմի համար շատ կարեւոր հանքանյութ է, որը նաեւ ամենակարեւոր «շինարարական» նյութերից է համարվում, կարծում են գիտնականները: Սակայն մարդիկ երկաթի փոքր քանակի կարիք ունեն. տղամարդկանց օրական  մոտ   8.7 մգ երկաթ է անհրաժեշտ, իսկ մանկածնական տարիքի կանանց`  14.8 մգ: 100 գրամ տավարի մսում մոտ 3 մգ երկաթ կա, իսկ 100 գ սպանախում` 2.7 մգ: Բրիտանացի բժիշկների խոսքով, մարդն օրվա ընթացքում չի կարող սննդամթերքից   20 մգ-ից ավելի երկաթ ստանալ: 

Երկաթով սննդային հավելումներում մոտ 14-65 մգ երկաթ է պարունակվում, ինչը, գիտնականների կարծիքով, չափազանց շատ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ մարդը երկաթ կստանա նաեւ մթերքներից: Երկաթի ավելցուկը, ինչպես նշում են գիտնականները, կարող է վտանգավոր լինել առողջության համար եւ երակների եւ զարկերակների լուրջ վնասվածքներ առաջ բերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում