Թոքերի եւ այլ ներքին օրգանների վրա ծխելու քաղցկեղածին ազդեցության մասին մասնագետները բավականին հաճախ են խոսում: Ժամանակ առ ժամանակ մենք լսում ենք նաեւ այն մասին, թե ծխելը վտանգավոր է նաեւ մեր ատամների համար: Ճի՞շտ է դա:
Ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը, ծխելը վատացնում է արյան շրջանառությունը, այդ թվում նաեւ` լնդերի արյան շրջանառությունը, ինչի հետեւանքով լնդերի հյուսվածքները չեն ստանում իրենց անհրաժեշտ սննդանյութերը, ինչը հանգեցնում է ատամների եւ լնդերի հետ կապված մի շարք խնդիրների առաջացման: Ստացվում է, որ ծխելն իրոք վտանգավոր է մեր առողջության համար. դա ընդամենը առասպել չէ:
Մասնագետները պնդում են, թե ծխելը նաեւ ատամների հետ կապված գեղագիտական խնդիրներ է առաջ բերում. ծխախոտի ծխի նյութերը կուտակվում են էմալի մեջ, ինչի հետեւանքով ատամները մգանում են: Անհնար է այդ խնդիրը լուծել ատամի մածուկի միջոցով, այդ պատճառով ծխողները հաճախ ստիպված են լինում ատամները սպիտակեցնել, ինչը կարող է լուրջ հարված լինել ընտանեկան բյուջեին: Ծխախոտի ծուխը, որոշ հետազոտողների խոսքով, արագացնում է նաեւ ատամնաքարի առաջացումը եւ մեծացնում է լնդերի հիվանդության զարգացման ռիսկը:
Հետաքրքիր է, որ ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ծխողները հաճախ եւ ավելի շուտ են կորցնում ատամները, քան չծխողները: Իսկ լնդերի հիվանդությունից կամ բերանի խոռոչում վիրահատական միջամտությունից հետո վերականգնման գործընթացն ավելի երկար է տեւում, քան որոշ չծխողների կամ ծխելը թողած մարդկանց մոտ: Նման կարծիք կա, որ ծխելը մեծացնում է բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղի զարգացման ռիսկը:
Հետաքրքիր է նաեւ, որ ատամների եւ բերանի խոռոչի համար վտանգավոր է ոչ միայն ծխախոտը, այլեւ ծխախոտային ցանկացած արտադրանք, այդ թվում` սիգարները եւ ծխամորճը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում