Սեռական եղանակով փոխանցվող վարակները (որոնց թվում է նաեւ քլամիդիոզը), 82 տոկոսով գերազանցում են 2-րդ տեսակի դիաբետի զարգացման վտանգը: Աղիքային վարակներն իրենց հերթին 88 տոկոսով են մեծացնում դիաբետի ռիսկը: Այդ մասին տեղեկացնում են University of California Los Angeles-ի (UCLA) գիտնականները:
ԱՄՆ-ի 50 նահանգից 9948 մարդու հիվանդությունների էլեկտրոնային պատմություններն ուսումնասիրելով` գիտնականներն ալգորիթմ են ստեղծել, որը հնարավորություն է տալիս պարզել մարդու մոտ դիաբետի զարգացման ռիսկը:
Հետաքրքիր է, որ ինչպես ցույց են տվել հիվանդների հաշվարկները, սեռական եւ գենդերային ինքնության ցանկացած խանգարում 130 տոկոսով մեծացնում է դիաբետի վտանգը, ինչպես եւ բարձր ճնշումը: Սեռական վարակները ռիսկի նույնպիսի գործոն են, ինչպես ավելորդ քաշը: Իսկ ջրծաղիկը, գոտեթրմորը եւ վիրուսային այլ վարակներ ճիշտ նույնքան են մեծացնում դիաբետի վտանգը, որքան արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:
Գիտնականները դիաբետի զարգացման վտանգը նվազեցնող գործոններ են հայտնաբերել:
Հետաքրքիր է, որ միգրեններից տառապող մարդկանց մոտ դիաբետի վտանգը նույնքան ցածր է, որքան երիտասարդ տարիքում: Վտանգը փոքր է նաեւ նրանց մոտ, որոնք հանգստացնող եւ հակաջղաձգային դեղամիջոցներ են ընդունում:
Բժիշկների խոսքով, մարդու բժշկական անցյալի մասին տվյալները շատ օգտակար տեղեկությունների աղբյուր են, որը կարող է օգնել` որոշելու դիաբետի զարգացման վտանգը: Այսօր ռիսկի գործոններ են համարվում բարձր ճնշումը, ավելորդ քաշը, տարիքը, սեռը եւ ծխելը, սակայն մարդու մասին տվյալների անալիզը` ներառյալ այն, թե նա ինչով է հիվանդացել անցյալում, կարող է օգնել ավելի լավ որոշել ռիսկերը, պնդում են գիտնականները:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում