Ամերիկացի գիտնականները «նանոներարկիչ» են ստեղծել բջիջների մեջ ԴՆԹ ներմուծելու համար

22 փետրվարի, 2016  22:45

Ամերիկացի կենսաբանները սարք են ստեղծել, որը թույլ է տալիս նոր ԴՆԹ մտցնել ցանկացած բջջի եւ մանրէի մեջ ` հոսանքի միջոցով դրանց ստիպելով լայնացնել թաղանթի ծակոտիները: 

Գիտնականներն այսօր անդրգենային կենդանիներ են ստեղծում եւ փորձում են  բնածին հիվանդությունները բուժել` օգտագործելով բջիջների մեջ ԴՆԹ-ի ներմուծման համեմատաբար ոչ անվտանգ միջոցներ. կամ գերբարակ ասեղների օգտագործման միջոցով, որոնցով  «ծակվում է» ձվաբջիջը կամ էլ ռետրովիրուսների օգնությամբ, որոնց «մարտական» մասը փոխարինվում է օգտակար գենետիկ կոդով:  

Նման վիրահատությունները, ինչպես պատմում է Կալլեն Բյուին (Cullen Buie) Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (ԱՄՆ), կարող են բջջի թաղանթի հասարակ վնասվածքի կամ ասեղը սխալ մտցնելու կամ էլ վիրուսի նկատմամբ իմունոլոգիական ռեակցիայի զարգացման հետեւանքով  մահացու հետեւանքների հանգեցնել:  

Վերջին տարիներին Բյուիի խոսքով, այդ երկու տեխնոլոգիային ռեալ այլընտրանք է հայտնվել. բջջի մեջ ԴՆԹ-ի ներմուծումը էլեկտրական դաշտերի եւ հատուկ մոլեկուլային   «գնդացիրների» օգնությամբ, որոնք ցրում են գենետիկական կոդի կտորները դրանք մանրէի կամ ձվաբջջի մեջ մտցնելուց առաջ: 

Այդ տեխնոլոգիայի էլեկտրաքիմիական սկզբունքները գիտնականներին հայտնի են դեռեւս  անցյալ դարի 80-ականների կեսերից: 1982-ին գերմանացի կենսաբան Էբերհարդ Նոյմանը (Eberhard Neuman) պարզել է, որ էլեկտրական ուժեղ դաշտի ազդեցության հետեւանքով բջջային թաղանթում սկսվում են փոքրիկ ծակոտիներ հայտնվել, որոնք ի վիճակի են իրենց միջոցով ներս թողնել օտարածին մոլեկուլներ:

2011-ին ստեղծվել է նման «նանոներարկիչների» առաջին տարբերակներից մեկը, սակայն դրանց օգտագործումը նոր խնդիր է ի հայտ բերել. պարզվել է, որ ԴՆԹ-ի հաջող ներարկման համար անհրաժեշտ է բջջի յուրաքանչյուր նոր տեսակի համար անհատապես ընտրել դաշտի  ուժը: Բյուին եւ իր գործընկերները միջոց են գտել պարզեցնելու եւ  արագացնելու դա` «նանոներարկիչին» սպիտակուցային մոլեկուլների հավաքածու ավելացնելով, որոնք սկսում են լուսավորվել ԴՆԹ-ին ամրանալիս:  

Ինքը` «ներարկիչը» իրենից ներկայացնում է փոքրագույն նեղացող ուղի, որը էլեկտրոնային ճառագայթի միջոցով ծակվել է կիսահաղորդիչ թիթեղի վրա:  Իր ձեւի շնորհիվ, նեղացմանը համապատասխան` նրանում աստիճանաբար աճում է էլեկտրական ներուժը: Եթե նրանով մանրէ լողա, շարժմանը համապատասխան այն գնալով ավելի ու ավելի մեծ էլեկտրական դաշտեր կզգա մինչեւ այն պահը, երբ նրա ծակոտիները բացվեն եւ դրանով մանրէի մեջ ներթափանցեն գունանյութի մոլեկուլները:  

Այդ տեխնոլոգիայի աշխատունակությունը ցույց տալու համար գիտնականները ԴՆԹ-ն մտցրել են տուբերկուլյոզային ցուպիկի ցեղակիցներից մեկի բջջի մեջ, ինչն այդ մանրէներին հակաբիոտիկներից մեկին դիմադրելու կարողություն է հաղորդել: Մանրէները հաջող «կարդացել են» նոր ԴՆԹ-ն եւ այն օգտագործել են  դեղից իրենց պաշտպանելու համար, ինչն ապացուցել է, որ տվյալ  «ներարկիչները» գործնականում արդյունավետ են: Գիտնականների աշխատանքի մասին հոդվածը հրապարակվել է    Scientific Reports ամսագրում, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Հետազոտողները հույս ունեն, որ «նանոներարկիչները» թույլ կտան մեծ քայլեր անել դեղագործության, ռեգեներատիվ բժշկության, քաղցկեղի բուժման եւ գենային թերապիայի զարգացման ոլորտում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում