Ծխախոտի տուփերի վրա սարսափազդու պատկերները հակառակ արդյո՞ւնքն են տալիս

25 փետրվարի, 2016  20:22

Ծխելու դեմ պայքարի ռազմավարություններից մեկը ծխախոտային արտադրանքի վրա այնպիսի պատկերների տեղադրումն է, որոնք ցույց են տալիս առողջության վրա ծխելու բացասական ազդեցությունը: Ծխողներին վախեցնում են անպտղությամբ, ուռուցքային եւ այլ հիվանդություններով: Բայց նման մարտավարությունը ոչ միշտ է ցանկալի հետեւանքների հանգեցնում, պարզել է Իլինոյսի համալսարանից հետազոտական խումբը: 

Գիտնականները Նիկոլ ԼաՎուայի (Nicole LaVoie) գլխավորությամբ հարցում են անցկացրել  18-ից 25 տարեկան 435 մարդու շրջանում, որոնց 17,5 տոկոսը ծխող էին: 

Մասնակիցների մի խմբին, որոնց թվում եւ ծխողներ կային, եւ չծխողներ, ծխախոտի տուփեր են տվել, որոնց վրա սարսափազդու պատկերներ կային: Մյուս խմբին տվել են տուփեր, որոնց վրա ընդամենը տեքստային զգուշացում կար: Հետազոտողները մասնակիցներին խնդրել են մի քանի հարցի պատասխանել, որոնք կապված էին ծխախոտի տուփերի ուսումնասիրության ընթացքում առաջ եկող հակազդեցության հետ: 

Նրանց մեծ մասը պատկերին բացասաբար է վերաբերվել. շատերը համարել են, որ նման պատկերները նսեմացնում են իրենց ընտրության իրավունքը, ինչպես նաեւ նման պատկերների տեղադրումը գնահատել են որպես իշխանությունների կողմից մանիպուլյացիայի փորձ: Նման կարծիք է ձեւավորվել ինչպես ծխողների, այնպես էլ չծխողների մոտ: 

Մարդիկ փորձում էին դիմակայել իրենց պարտադրվող կարծիքին, հենց այդ պատճառով էլ չէին հրաժարվում վնասակար սովորությունից եւ շարունակում էին ծխել, կարծում են հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում