Որոշ երկրներում ծխելը մշակույթի մաս է կազմում. շատ անչափահասներ սկսում են ծխել` պատճենելով մեծերի պահվածքը եւ առանձնապես չմտածելով իրենց արածի մասին: Հայաստանը, ցավոք սրտի, նման երկրների թվում է: Շատերը ծխել սկսում են դպրոցական նստարանից, որովհետեւ մանուկ հասակից իրենց շուրջը ծխող չափահասների են տեսել:
Դպրոցներում մասնագիտական կողմնորոշման դասերը գուցե Հայաստանի նման երկրներում կարողանան օգնել պայքարել ծխելու դեմ եւ երեխաներին պաշտպանեն առողջությանը ծխախոտի հասցրած վնասից: NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել Ակհիլա Աննամրեդին եւ Ջոն Սքոթը Հարվարդի Հանրային առողջապահության դպրոցից:
Նման դասերի շրջանակում դպրոցներ են գալիս ամենատարբեր ոլորտների մասնագետներ. նրանք դպրոցականներին պատմում են իրենց աշխատանքի եւ շատ այլ բաների մասին: Աշակերտների աչքում այդ մասնագետները կարծիքի առաջնորդներ են, այդ պատճառով աշակերտները վստահում են նրանց եւ ականջ են դնում նրանց խոսքերին: Եթե ոստիկանը դպրոց գալով պատմի անվտանգության կանոնների մասին եւ թե ինչ է պետք անել այս կամ այն դեպքում, երեխաները կմտապահեն նրա խոսքերը: Ճիշտ այդպես էլ եթե դպրոց գա բժիշկը եւ մանրամասնորեն երեխաներին բացատրի, թե ծխելն ինչու է վտանգավոր եւ ինչի կարող է հանգեցնել, երեխաները կլսեն նրան: Ավելին` տուն վերադառնալով` նրանք իրենց լսածը կպատմեն ծնողներին եւ գուցե նրանց ստիպեն թողնել ծխելը:
Գուցե չէր խանգարի նման դասեր ներմուծել նաեւ Հայաստանում:
Մասնագետների խոսքով, 80-ականներին ԱՄՆ-ում եւս ծխելը լայնորեն տարածված էր եւ ծխող մարդն ընկալվում էր որպես լիովին նորմալ երեւույթ. սակայն այսօր արդեն նորմալ երեւույթ է համարվում չծխող մարդը: Նախ ի հայտ եկան չծխողների սենյակները, հետո` ամբողջական ռեստորաններ եւ այլ հաստատություններ, որտեղ չի կարելի ծխել: Այսօր գրեթե բոլոր հասարակական շինություններում եւ հաստատություններում ծխելն արգելված է, իսկ ծխելուն վերաբերող օրենքներին բոլորն են հետեւում. դրանք միայն թղթի վրա գրված չեն:
Հայաստանում ծխելն առայժմ լուրջ խնդիր է. գուցե անհրաժեշտ է այն լուծել ոչ թե օրենքների, այլ երեխաների հետ աշխատելու օգնությամբ: Եթե երեխաները հասկանան, որ ծխելը վատ բան է, նրանց սերունդն արդեն ուրիշ կերպ կվերաբերվի ծխախոտին, ինչի շնորհիվ նրանց շրջանում մի շարք հիվանդությունների տարածումը զգալիորեն ավելի փոքր կլինի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում