6 նախարարների համատեղ հայտարարությունը հանրային առողջապահության ոլորտում համագործակցության վերաբերյալ

1 մարտի, 2016  16:58

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը, Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարը, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարարը, Ղազախստանի Հանրապետության առողջապահության եւ սոցիալական զարգացման նախարարը, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարը եւ Վրաստանի առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հանդիպեցին Երեւանում 2016թ. մարտի 1-ին «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» խորագրով նախարարական խորհրդակցությանը:

Նախարարները`

Ընդունելով այն, որ հանրային առողջությունն ազգային անվտանգության հիմնական գործոնն է, պետության սոցիալ-տնտեսական քաղաքականության ու հանրային արդյունավետ գործունեության հիմնական չափանիշը,

Ընդունելով այն, որ երկրները առողջապահական բազմաթիվ եւ բազմակողմանի մարտահրավերների հետ են բախվում բավականին դինամիկ սոցիալ-տնտեսական ու աշխարհաքաղաքական համատեքստում,

Հաստատելով այն, որ բնակչության առողջության մակարդակների միջեւ տարբերությունը երկրների ներսում եւ երկրների միջեւ պայմանավորված են բազմաթիվ հանգամանքներով` ներառյալ սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական գործոնները, ապրելակերպը եւ վարքագիծը, ինչպես նաեւ երկրների առողջապահական համակարգերի` հանրային առողջապահական ծրագրեր իրականացնելու հնարավորությունները,

Հաստատելով այն, որ առկա մարտահրավերների հաղթահարման, առողջության բարելավման եւ, այդպիսով` առողջության մակարդակների անհավասարությունը կրճատելու գործում կարեւորագույն դերակատարություն է հատկացվում հանրային առողջապահության ներուժի եւ ծառայությունների կատարելագործմանը,

Վերահաստատելով միջտարածաշրջանային, միջպետական եւ միջսեկտորային մակարդակներում համագործակցության անհրաժեշտությունը` առկա մարտահրավերներն արդյունավետորեն հաղթահարելու նպատակով,

Համաձայնվեցին`

1. Փոխանակել վարքագծային հիմնական ռիսկի գործոնների դեմ (ծխախոտ, ալկոհոլի չարաշահում, ոչ ռացիոնալ սնուցում, ֆիզիկական ցածր ակտիվություն) ուղղված առողջության ամրապնդման եւ հիվանդությունների կանխարգելման ծրագրերի մշակման եւ իրականացման լավագույն փորձը,

2. Բարձրացնել միջսեկտորային եւ բազմակողմանի համագործակցության մակարդակն առողջության համար վնասակար գործոնների նկատմամբ վերահսկողության սահմանման ռազմավարությունների մշակման գործում (աղի, շաքարի եւ տրանս-ճարպերի օգտագործման կարգավորում եւ սննդամթերքի հարստացում, տրանսպորտ ու ճանապարհային երթեւեկության անվտանգություն, առողջություն եւ անվտանգություն աշխատավայրում եւ այլն),

3. Փոխանակել հանրային առողջապահության հիմնական ծառայությունների արդյունավետության գնահատման, հանրային առողջապահության որակի գնահատման նորմատիվային բազայի ստեղծման, գիտականորեն հիմնավորված որոշումների ընդունման ժամանակակից մեթոդների ներդրման լավագույն փորձը,

4. Ամրապնդել առկա եւ ստեղծել նոր հնարավորություններ մասնակից երկրների միջեւ հանրային առողջապահության ոլորտում երկխոսության եւ հստակ համատեղ գործողությունների համար, ինչպես նաեւ նպաստել մեր երկրների միջեւ համագործակցության զարգացմանը` օգտագործելով մեր հնարավորությունները հանրային առողջապահության խնդիրների նկատմամբ հրավիրելու նաեւ այլ երկրների ուշադրությունը,

5. Դիմել Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությանը (ԱՀԿ) խնդրանքով` օգտագործել ժամանակակից գործիքները մեր երկրների միջեւ հանրային առողջապահության ոլորտում համագործակցությանը միջտարածաշրջանային, միջպետական եւ միջսեկտորային մակարդակներում աջակցելու համար:

   

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում