Արմեն Մուրադյան. Հանրային առողջապահության ծրագրերը երկարաժամկետ ծրագրեր են

2 մարտի, 2016  19:15

Մենք նշել ենք մեր երկրներում առաջիկա տարիների համար հանրային առողջապահության զարգացման վեկտորները: Մեր կողմից ստորագրված հուշագիրը սահմանել է, որ հանրային առողջապահությունը առաջնահերթություն է առողջապահության մեջ, մենք կշարունակենք մեր որոնումներն այդ ոլորտում, կհամատեղենք ծխելու, ալկոհոլի, հիպոդինամիայի, սխալ սննդի եւ ռիսկի այլ գործոնների դեմ պայքարի մեր ջանքերը: Այդ մասին հայտնել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` փակելով Երեւանում տեղի ունեցած «Հանրային առողջապահություն. նոր մարտահրավերներ» նախարարական համաժողովը: 

Հիշեցնենք, որ համաժողովին մասնակցում էին Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան, Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության եւ բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին, Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական գործերի նախարար Դավիթ Սերգեյենկոն, Բելառուսի առողջապահության նախարար Վասիլի Ժարկոն, Ղազախստանի առողջապահության փոխնախարար Ելժան Բիրտանովը եւ նրանց ղեկավարած պատվիրակությունները: Պատվավոր հյուրերի թվում էր նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական բյուրոյի քաղաքականության վարչության պետ Պիրոժկա Օստլինը: 

Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ հանրային առողջապահության ծրագրերը երկարաժամկետ են, եւ դժվար է դրանք մեկ տարում գնահատել: Փաստացիորեն այդ ծրագրերն իրենց էությամբ մի քիչ հեռու են առողջապահության ավանդական ընկալումից, որը առողջության վերականգնումն է,   բայց դրանք թույլ չեն տալիս խաթարել առողջությունը: Հենց այստեղ է պետք փնտրել խնդիրների արմատը:  

Արմեն Մուրադյանը հիշեցրել է, որ դեռեւս 38 տարի առաջ Ալմա Աթայում աշխարհի բոլոր երկրները հռչակել են, որ հանրային առողջապահությունը եւ առաջնային բուժական օղակը առողջապահության ոլորտում առաջնահերթություններ են, բայց մինչ օրս ամբողջ աշխարհում ոլորտի ֆինանսավորման 95-97 տոկոսն ուղղվում է ախտորոշմանը եւ բուժմանը: 

Մինդչեռ, հայ նախարարի խոսքով, խնդիրների լուծումն այն փուլում է, երբ պետք է առողջություն ստեղծել եւ պահպանել:  

«Մենք նպատակահարմար ենք համարում մեր գործընկերներին ներգրավել այդ պայքարում` հասկանալով, որ կարճաժամկետ հեռանկարում դա անշնորհակալ աշխատանք է: Դա երկարաժամկետ աշխատանք է, որի արդյունքները տեսանելի կլինեն շատ տարիներ անց», - ասել է նա` մարհեստավարժներին եւ հանրային հատվածին, մասնավորապես` մեդիա ոլորտի ներկայացուցիչներին կոչ անելով միավորել ջանքերն այդ հարցում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում