Ոչ ոք ծխախոտը չի հանում Բոյարսկու ու Բարշչեվսկու բերաններից, դա նրանց անձնական ընտրությունն է: Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության կանխարգելիչ բժշկության գլխավոր մասնագետ Սերգեյ Բոյցովը, խոսելով այն մասին՝ արդյոք ծխելու դեմ պայքարի ծրագիրը Ռուսաստանում չի հանդիպում հասարակության դիմադրությանը ու արդյոք այդ պայքարում չկան թեթեւակի չափազանցություններ:
Նա նշել է, որ հասարակության մեջ ոչ մի դիմադրություն էլ չկա, այն միայն ծխախոտ արտադրող ընկերությունների կողմից է: Ինչ վերաբերում է ծխողների իրավունքները պաշտպանող հայտնի մարդկանց ՝ ապա նրանք երկուսն են ՝ Բոյարսկին ու Բարշչեվսկին: «Նրանք իհարկե ծխախոտ արտադրողների կողմից չեն ՝ նրանք պարզապես վառ կերպարներ են: Եվ ոչ ոք նրանց իրավունքները չի ոտնահարում, ի սեր Աստծո, թող ծխեն որքան ուզում են, բայց չխախտեն ուրիշ մարդկանց իրավունքները»,- ասաց Բոյցովը ՝ հավելելով, որ ոչ ոք իրավունք չունի քարոզել ծխելը, քանի որ անառողջ կենսակերպի քարոզչությունն առնվազն էթիկայի կանոններից դուրս է ու անբարոյական:
Ինչ վերաբերում է չափազանցություններին, մասնավորապես նրան, որ քննարկվում է հին ֆիլմերից ու մուտֆիլմերից՝ օրինակ «Դե սպասիր» մուլտֆիլմից գայլի ծխելու տեսարանները հանելու հնարավորությունը, Բոյցովը նկատեց, որ «դրանք դեռ ոչ ոք չի կտրել»: Նա պատմեց, որ ինքն այդ տեսակետից ուշադիր դիտել է «Դե սպասիր» մուլտֆիլմը եւ հանգել այն եզրակացության, որ գայլն այնուամենայնիվ բացասական կերպար է:
«Օրինակ մեզ մոտ շատ հայտնի մի սերիալ ցուցադրվեց «Օտտեպել» («Оттепель») ու այնտեղ 60 -ականների հերոսները շատ էին ծխում: Հրաշալի, որակյալ սերիալ էր գեղարվեստական տեսակետից, բայց սոցցանցերում այն դժգոհության մեծ ալիք առաջացրեց ՝ թե ինչ շատ են հերոսները ծխում: Դեռ երեք տարի առաջ մարդիկ պարզապես չէին նկատի դա, իսկ հիմա նկատում են ու վրդովվում դրանից»,- նկատեց նա՝ հավելելով, որ այդուհանդերձ «մենք անցյալը չենք կտրում- հանում»: Նրա խոսքով, հեռուստատեսությամբ այդ ֆիլմերի ցուցադրության ժամանակ հայտնվում է գրություն, որ տվյալ ֆիլմում ծխելու դրվագներ կան ու որ ծխելը վնասակար է առողջության համար:
Բոյցովը հիշեցրեց, որ «Ծխախոտի ծուխի ազդեցությունից ու ծխախոտ գործածելու հետեւանքներից քաղաքացիների առողջության պահպանման մասին» դաշնային օրենքը Ռուսաստանում գործում է 2013 թ, ու արդեն կարելի է խոսել որոշակի հաջողությունների մասին ՝ տղամարդկանց շրջանում ծխելու տարածումը սկսել է նվազել, կանգնել է նաեւ դեռահասների շրջանում ծխելու աճը:
Օրենքը վերաբերում է որոշ ասպեկտների ՝ ծխախոտի գնին, գովազդի արգելքին, ծխախոտի անդեմ տուփերին, անչափահասներին ծխախոտ վաճառելու արգելքին, հանրային վայրերում ծխելու արգելքին: Արգելող միջոցառումներից բացի, Բոյցովի խոսքով, օգնություն է տրամադրվում այն մարդկանց, ովքեր ուզում են հրաժարվել ծխելուց. ստեղծվել է թեժ գծերի ու ծխելուց հրաժարվողներին օգնություն տրամադրող կենտրոնների համակարգ: Դեռահասների ու երիտասարդների շրջանում տարածում է ստանում «Չծխելը զիլ է» շարժումը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում