Սպիտակ հացն ու բրինձը 49 տոկոսով բարձրացնում են թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը

9 մարտի, 2016  11:49

Ածխաջրածինների ավելցուկը սննդակարգում վնասակար է ոչ միայն գոտկատեղի, այլեւ թոքերի համար, վստահեցնում են University of Texas MD Anderson Cancer Center–ի գիտնականները: Գլիկեմիկ բարձր գործակցով մեծ քանակության մթերքների գործածումը 49 տոկոսով ավելացնում է թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը:

«Մենք նկատել ենք, որ գլիկեմիկ բարձր գործակցով մթերքներ շատ ուտող մարդկանց մոտ թոքերի քաղցկեղի զարգացման հավանականությունը 49 տոկոսով բարձր է նրանց համեմատ, ովքեր ուտում են ցածր գլիկեմիկ գործակցով մթերքներ»,- նկատել է բժիշկ Ստեֆանի Մելքոնյանը՝ հետազոտության հեղինակը:

Գլիկեմիկ գործակիցը սննդամթերքում ածխաջրածինների որակը գնահատելու միջոց է: Այն ցույց է տալիս, թե այս կամ այն մթերքի գործածումից հետո որքան արագ է արյան մեջ բարձրանում գլյուկոզային մակարդակը: Գլիկեմիկ բարձր գործակցով մթերքներից են օրինակ սպիտակ հացը, բրինձը, եգիպտացորենի փաթիլները եւ այլն: Դրանց գործածումից հետո արյան մեջ կտրուկ բարձրանում է գլյուկոզայի մակարդակը:

Թոքերի քաղցկեղն ամբողջ աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկն է: Այս քաղցկեղի զարգացման համար առաջին գործոններից է համարվում ծխելը, թե ակտիվ,թ ե պասիվ: Սակայն պարզվել է, որ ածխաջրածիններն էլ են որոշակի դեր կատարում: Ինչպես ցույց է տվել վերոնշյալ հետազոտությունը, արագ ածխաջրածինների ավելցուկը բարձրացնում է թոքերի քաղցկեղի հավանականությունը նույնիսկ նրանց մոտ, ովքեր երբեւէ չեն ծխել: Ռիսկը բարձրանում է նաեւ նրանց մոտ, ովքեր շատ են կարմիր միս ուտում, որը հագեցած է ճարպերով եւ կաթնամթերք:

Մյուս կողմից էլ բանջարեղենի ու մրգերի առատ գործածումը նվազեցնում է քաղցկեղի այդ տեսակի զարգացման հավանականությունը, նշում են գիտնականները:

Սննդկարգում ածխաջրածինների մեծ քանակի ու թոքերի քաղցկեղի միջեւ կապում համոզվելու նպատակով գիտնականները հարցում են արել 1905 մարդու շրջանում, որոնց մոտ վերջերս էր թոքերի քաղցկեղ ախտորոշվել, եւ 2413 առողջ մարդու շրջանում: Հետաքրքիր է, որ այդ կապը հատկապես ակնհայտ է եղել քաղցկեղով հիվանդ այն մարդկանց մոտ, որոնք երբեք չեն ծխել ու որոնք 12 տարուց քիչ կրթություն են ստացել:

Այս հետազոտության մասին պատմում է Cancer Epidemiology, Biomarkers & Prevention պարբերականը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում