ԵՄ-ը 750 000 եվրո է հատկացրել Հայաստանում սելեկտիվ աբորտների դեմ պայքարելու համար. դեսպան

9 մարտի, 2016  16:31

Եվրոպական Միությունը պատրաստ է հայկական կառավարությանը եւ հասարակությանն օգնել լուծում գտնելու սելեկտիվ աբոտների խնդրին, որոնց պատճառով երկրում խախտվում է ծնվող տղաների եւ աղջիկների միջեւ բնական համամասնությունը: Այդ մասին «Պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ» ծրագրի խորհրդակցական կոմիտեի նիստին հայտնել է Հայաստանում ԵՄ-ի պատվիրակության դեսպան Պյոտր Սվիտալսկին: 

Հայաստանում «Պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ» ծրագրի իրականացման համար ԵՄ-ը 750 000 եվրո է հատկացրել, որոնք ուղղված կլինեն երկրի բնակչության տեղեկացվածության բարձրացման, ինչը պիտի օգնի կրճատել սեռով պայմանավորված աբորտները: 

Դեսպանը հիշեցրել է, որ առողջ հասարակությունում ծնվող աղջիկների եւ տղաների հարաբերակցությունը 100-ը 102-105-ի է: Հայաստանում 100 ծնված աղջկա դիմաց ավելի քան 110 տղա է ծնվում, ինչը ժողովրդագրական լուրջ խնդիր է ստեղծում եւ խախտում է սեռերի միջեւ բնական հաշվեկշիռը. ամեն տարի երկիրը մոտ 1400 աղջիկ է կորցնում:

Ինչպես նշել է Պյոտր Սվիտալսկին, այդ խնդիրը բացասաբար է ազդում երկրի իմիջի վրա. երբ միջազգային կազմակերպությունները քննարկում են տարբեր երկրների ժողովրդագրական խնդիրները, Հայաստանը միշտ հիշատակում են որպես  «խնդրահարույց» երկիր ծնվող տղաների եւ աղջիկների  անբնական համամասնության պատճառով:  

«Ես ինքս շատ վաղուց էի լսել այս խնդրի մասին եւ այդ ժամանակ չէի մտածում, թե երբեւէ կաշխատեմ Հայաստանում», - նշել է դեսպանը: - «Մենք այս ծրագրում («Պայքար պտղի սեռի խտրական ընտրության դեմ») 750 000 եվրոյի ներդրում ենք արել եւ հավատում ենք, որ դա լավ նպատակի համար ենք անում` հաշվի առնելով այս խնդրի կարեւորությունը»:

Դեսպանի խոսքով, սելեկտիվ աբորտների եւ ծնվող երեխաների անբնական համամասնության խնդիրը վարչական եղանակներով հազիվ թե հնարավոր լինի լուծել, այդ պատճառով ծրագրի նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, մարդկանց հնարավորինս շատ տեղեկություններ տալ այդ խնդրի վերաբերյալ, չէ որ համարվում է, որ բնակչության իրազեկվածության նույնիսկ 15 տոկոս աճն օգնում է նվազեցնել ծնվող երեխաների միջեւ համամասնության տարբերությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում