Հայկական ծերանոցներում ապրողների 72 տոկոսը որդի ունի

13 մարտի, 2016  14:11

Հայաստանի ծերանոցներում հայտնված մարդկանց 72 տոկոսը տանը առնվազն մեկ որդի ունի:  Դա, ինչպես նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության Մայրության եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժանմունքի պետ Գայանե Ավագյանը, ապացուցում է սեռով պայմանավորված աբորտի դիմող մարդկանց կարեւորագույն փաստարկներից մեկի անհիմն լինելը. նրանք կարծում են, թե որդին աղջկանից նախընտրելի է, որովհետեւ ծեր հասակում հոգ կտանի ծնողներին:  

Համեմատության համար ասենք, որ ծերանոցներում ապրող մարդկանց ընդամենը 40 տոկոսը աղջիկ ունի, նշել է մասնագետը: Ավելին, որդիների մեծ մասը ծերանոցներում ծայրաստիճան հազվադեպ է այցելում ծնողներին, ի տարբերություն աղջիկների, որոնք անհամեմատ ավելի հոգատար եւ ուշադիր են: 

Դեռեւս Միացյալ Ազգերի Կազմակերպության ժողովրդաբնակչության հիմնադրամը հետազոտություն էր իրականացրել, որը ցույց էր տվել, որ Հայաստանում  100 աղջկա դիմաց 114 տղա է ծնվում, ոչ թե 105-106, ինչպես նախատեսված է բնությամբ: Կարծիք կա, որ դա տեղի է ունենում սելեկտիվ աբորտների հետեւանքով. իմանալով, որ պտուղը իգական սեռի է, որոշ զույգեր աբորտ են անում` ցանկանալով հենց տղա ունենալ: Անհնար է ճշգրիտ հաշվարկել սեռով պայմանավորված աբորտների թիվը, բայց համարվում է, որ   տարեկան 29 000 աբորտից սելեկտիվ աբորտների թիվը մոտ 1400-1600 է կազմում:

Ինչու են Հայաստանում նախընտրում տղա ունենալ: Փորձագետների կարծիքով, մեզ մոտ, ինչպես եւ այլ ավանդական հասարակություններում, ակնհայտ է երեք գործոն. ցեղի շարունակություն, ունեցվածքի փոխանցում, բարեկեցիկ ծերություն. այսինքն համարվում է, որ տղան  հոգ կտանի ծնողներին: 

Ցավոք, իրականությունն այնպիսին է, որ բոլորովին էլ ոչ բոլոր որդիներն են իրենց ծնողների համար բարեկեցիկ ծերություն ապահովում, եւ ծերանոցների տվյալները հաստատում են դա: Ավելին, այսօր կանայք կարող են ֆինանսապես նույնքան ապահովված լինել, որքան տղամարդիկ, այդ պատճառով լիովին ի վիճակի են հոգ տանել եւ իրենց, եւ ծնողներին:   Հենց այդ պատճառով շատ մասնագետների կարծիքով սեռով պայմանավորված աբորտ անելն ուղղակի հիմարություն է. ի վերջո, թե երեխան ինչպես կվերաբերվի իր ծնողներին, ինչպես կկառուցի իր կյանքը, կօգնի նրանց, թե ոչ, կախված է սոսկ այն բանից, թե  նա ինչպիսի դաստիարակություն կստանա, ոչ թե նրա սեռից: 

Իմիջիայլոց, Գայանե Ավագյանի խոսքով, Հայաստանում այսօր կանանց  57 տոկոսը բարձրագույն կրթություն ունի: Համեմատության համար, տղամարդկանց միայն  38-39 տոկոսն է համալսարան ավարտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում