Երիկամների առողջությունը պահպանելու 7 միջոց

19 մարտի, 2016  21:58

Տարիքի հետ երիկամները թուլանում են եւ ավելի վատ են աշխատում, եւ եթե  հոգ չտանեք, դրանց գործառույթները կարող են զգալիորեն վատանալ: ԱՄՆ-ից նեֆրոլոգները երիկամների առողջությունը պահպանելու մի քանի պարզ միջոց են ներկայացրել: 

1. Ավելի շատ ջուր խմեք

Ջուրն անհրաժեշտ է մեր օրգանիզմի համար. ավելին, այն մեր երիկամներին օգնում է օրգանիզմից հեռացնել տոքսիններն ու երկրորդական մթերքները: Եթե չափից քիչ ջուր եք խմում, դա բարդացնում է երիկամների աշխատանքը: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական  առնվազն  4-6 բաժակ  ջուր օգտագործել: 

Ջրի փոխարեն, կարելի է նաեւ հյութեր խմել, բայց ցանկալի է կրճատել կոֆեին պարունակող ըմպելիքների քանակությունը: 

2. Ավելի հաճախ զուգարան գնացեք

Արյան ֆիլտրացիան մեր երիկամների առանցքային գործառույթներից է: Ֆիլտրացիայի ընթացքում օրգանիզմից հանվում է քայքայման արդյունքի ավելորդ քանակը: Միզափամփուշտում պահվող ջուրը պիտի այդտեղից հնարավորինս արագ դուրս գա: Որքան շատ եք դիմանում, այնքան լարում եք միզափամփուշտը` բացասաբար ազդելով ֆիլտրացիայի գործընթացների վրա: 

3. Ավելի քիչ աղ օգտագործեք

Աղը ոչ միայն բարձրացնում է զարկերակային ճնշումը, այլեւ նպաստում է երիկամների որոշ հիվանդությունների զարգացմանը: Այդ պատճառով շատ բժիշկներ խորհուրդ են տալիս կրճատել սննդակարգում աղի քանակը: 

4. Թարմ եւ օգտակար մթերք օգտագործեք

Մեր օրգանիզմում գրեթե բոլոր գործընթացները կախված են մեր օգտագործած սննդամթերքից: Եթե շատ անառողջ սնունդ եք ուտում, ասենք` ֆասթֆուդ, դա հավանաբար իր հետքը կթողնի Ձեր երիկամների վրա: 

5. Մի ծխեք եւ ալկոհոլ մի օգտագործեք

Ալկոհոլի ավելորդ քանակությունը խախտում է օրգանիզմի էլեկտրոլիտային հավասարակշռությունը եւ երիկամների աշխատանքի վրա ազդող հորմոնային վերահսկողությունը: Չնայած ծխելն ուղղակիորեն չի ազդում երիկամների վրա, կարծիք կա, որ այն այնուամենայնիվ բացասաբար է ազդում դրանց գործառնականության վրա, ինչպես եւ առողջության վրա ընդհանուր առմամբ: 

6. Սպորտով զբաղվեք

Կարծիք կա, թե ճարպակալումը մեծացնում է երիկամների հետ կապված խնդիրների զարգացման ռիսկը: Սպորտը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ընդհակառակը, օգտակար են երիկամների համար: 

7. Վերահսկեք դիաբետը եւ սրտի հիվանդությունները

Կարծիք կա, թե սրտանոթային հիվանդությունները եւ հիպերտոնիան բարձրացնում են երիկամների հիվանդությունների զարգացման ռիսկը: Բարձր զարկերակային ճնշում ունեցող մարդիիկ եւս պիտի կանոնավոր կերպով ստուգեն երիկամների աշխատանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում