Նոր սիլիկոնային իմպլանտների միջոցով հնարավոր է մեծացնել սեռական անդամը

21 մարտի, 2016  23:47

Բեւեռլի Հիլզից ուրոլոգ Ջեյմս Էլիստը սիլիկոնային իմպլանտների միջոցով տղամարդկանց սեռական անդամը մեծացնելու նոր տեխնոլոգիա է մշակել: Պրոցեդուրայի օգնությամբ, որը մոտավորապես 13 000 դոլար արժե, հնարավոր է սեռական անդամի երկարությունը եւ լայնությունը մեծացնել  5 սմ-ով:

Բժիշկ Էլիստը 35-ամյա ստաժով ուրոլոգ է, որին միշտ հետաքրքրել է տղամարդկանց մոտ սեռական դիսֆունկցիայի թեման: Ավելին, նա մեկն է այն բժիշկներից, որոնք առաջինն էին էրեկցիայի խնդիրը կապել ծխելու հետ: 

«Կարելի է ինձ  «մեղադրել» ծխախոտի վրա այն գրության համար, որն ասում է, թե ծխելն անկարողության է հանգեցնում», - ասել է նա:

Շատ տարիների ընթացքում բժիշկը վիրահատել է էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց եւ սեռական անդամի զարկերակներում պրոթեզներ է տեղադրել, ինչը պիտի բարելավեր դրանց արյան մատակարարումը եւ հետեւաբար` էրեկտիլ գործառույթները: Այդ պրոցեդուրայից հետո որոշ տղամարդիկ բողոքում էին, թե իրենց անդամները փոքրացել են, չնայած էրեկտիլ խնդիրներ արդեն չունեին:  Հենց այդ ժամանակ բժիշկը գտավ այդ խնդրի լուծումը եւ սկսեց իր հիվանդների սեռական անդամի մեջ սիլիկոնային փափուկ իմպլանտներ տեղադրել: 

Այդ իմպլանտները, ինչպես բացատրել է բժիշկը, ընդհանուր առմամբ նման են նրանց, որոնք օգտագործվում են կրծքի մեծացման համար: Ի տարբերություն կրծքի իմպլանտների, սեռական անդամի իմպլանտները լցված չեն ոչ սիլիկոնային գելով, ոչ աղային լուծույթով, դա ընդամենը փափուկ սիլիկոն է, որը 270 աստիճանի տակ ծածկում է սեռական անդամը եւ դրա ձեւն է ընդունում: 

Բժիշկը  2002-ին արտոնագրել է իր գյուտը, իսկ դրա իմպլանտացիան սկսել է 2004-ին: Այդ ժամանակվանից իմպլանտների դիզայնը բարելավվել է, ինչպես եւ փոխվել են դրա ներդրման տեխնոլոգիաները: Այսօր իմպլանտը ներմուծվում են աճուկի հատվածում մի փոքրիկ կտրվածքի միջոցով` տեղային անզգայացման օգտագործմամբ: 

Բժիշկն իր հիվանդներին իմպլանտների երեք չափ է առաջարկում` մեծ, շատ մեծ եւ հսկայական: Փոքրիկ կամ միջին իմպլանտներով, նրա խոսքով, ոչ ոք չի հետաքրքրվում:  Սակայն իմպլանտի չափը կախված է նաեւ  նրանից, թե արդյոք տղամարդու անդամը  բավարար քանակությամբ «ավելորդ» կաշի ունի. եթե նրան թլպատել են եւ շատ կաշի են հեռացրել, բարդ կլինի մեծ իմպլանտի տեղադրումը: 

Վերականգնման գործընթացը երկար չի տեւում. վիրահատության հաջորդ օրը հիվանդը կարող է վերադառնալ իր սովորական գործերին, սակայն վերսկսել սեռական կյանքը` ներառյալ ինքնաբավարարումը եւ օրալ սեքսը, հնարավոր է   4-6 շաբաթից ոչ շուտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում