Հայաստանում հղի կանանց ավելի քան 95 տոկոսը ՄԻԱՎ-ի թեստ է անցնում

24 մարտի, 2016  17:16

2004-ին Հայաստանում հղի կանանց ընդամենը 8.5 տոկոսն է ՄԻԱՎ-ի թեստ անցել: Այսօր հղիների ավելի քան   95 տոկոսն արդեն ՄԻԱՎ-ի թեստ է անցնում, ինչի շնորհիվ Հայաստանում 2007-ից ի վեր մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման ոչ մի դեպք չի գրանցվել: Այդ մասին, ելույթ ունենալով Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Հինգերորդ համաժողովի լիագումար նիստին, պատմել է Հայաստանի  առողջապահության փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: 

Պատմելով Հայաստանում ՄԻԱՎ-ի ախտորոշման եւ բուժման ոլորտում ձեռքբերումների եւ խնդիրների մասին` փոխնախարարը նշել է, որ 1988-ից մինչեւ  2016 –ի մարտի 1-ը երկրում ՄԻԱՎ-ով վարակված 2279 մարդ է գրանցվել, իսկ հաշվարկային տվյալների համաձայն, Հայաստանում այսօր ՄԻԱՎ-ով  3800 մարդ է ապրում եւ նրանց   60 տոկոսն առայժմ չգիտե իր կարգավիճակը: Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ի ազգային կենտրոնում հաշվառման է կանգնած 1591 մարդ, որոնցից 941-ը հակառետրովիրուսային թերապիա է ստանում եւ նրանց 86 տոկոսի մոտ վիրուսային անորոշ ծանրաբեռնվածություն կա: 

Հայաստանում ձեռքբերումների թվին կարելի է դասել նաեւ այն, որ  2001-ից ի վեր երկրում դոնորական արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման եւ վիրուսի ներհիվանդանոցային փոխանցման ոչ մի դեպք չի եղել: 

Ինչ վերաբերում է խնդիրներին, 2012-2015-ին դեպքերի 60 տոկոսում ՄԻԱՎ-ը ախտորոշվել է ուշ փուլերում, երբ հիվանդների մոտ արդեն ուղեկցող հիվանդություն էր ի հայտ եկել: Բացի այդ, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց մոտ 40 տոկոսը չգիտե իր կարգավիճակի մասին եւ երբեք թեստ չի անցել: Հղի կանանց շրջանում սակայն պատկերն այլ է. հղիության ընթացքում կատարվող սքրինինգների եւ անալիզների շնորհիվ (ՄԻԱՎ-ի թեստը կատարվում է կամավոր հիմունքով. կանայք կարող են հրաժարվել դրանից, բայց քչերն են հրաժարվում), դեպքերի  85 տոկոսում ՄԻԱՎ-ը հղի կանանց մոտ հայտնաբերվում է վաղ փուլերում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում