Անցյալ տարի Ռուսաստանում ՄԻԱՎ-ի 93 000 նոր դեպք է գրանցվել, ՄԻԱՎ-ով ապրող գրանցվածների ընդհանուր թիվը 750 000-ի մոտենում: Միաժամանակ այդ մարդկանց ընդամենը 37 տոկոսն է այսօրվա դրությամբ հակառետրովիրուսային բուժում ստանում:
Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է «ՁԻԱՀ տեղեկատվակապ» հիմնադրամի փոխտնօրեն Իրինա Կոստեցկայան, տարածաշրջանում միայն երեք երկիր է իր բյուջեից ամբողջությամբ վճարում ՄԻԱՎ-ի բուժումը. դրանք են Ռուսաստանը, Ղազախստանը եւ Ուզբեկստանը: Եվ հենց այս երկրներում ամենացածրն է բուժում ստացողների տոկոսը: Եթե, օրինակ, Տաջիկստանում, որտեղ ՄԻԱՎ-ի բուժումը 100 տոկոսով փոխհատուցվում է Գլոբալ հիմնադրամի միջոցներից, բուժում է ստանում մարդկանց 50 տոկոսը եւ դա համարվում է բավականին ցածր ցուցանիշ, Ռուսաստանում բուժում է ստանում դրա կարիքն ունեցող հիվանդների ընդամենը 37 տոկոսը:
Ինչո՞ւ է այդպես լինում: Ի՞նչն է խանգարում բուժում կազմակերպել ՄԻԱՎ-ով գրանցված բոլոր մարդկանց համար, հատկապես եթե հայտնի է, որ հակառետրովիրուսային բուժումը նաեւ կանխարգելում է վիրուսի հետագա տարածումը:
Գրեթե 750 000 հազար հիվանդի բուժման կազմակերպումը լուրջ ծանրաբեռնվածություն է բյուջեի համար, սակայն խնդիրը միայն դա չէ: Ինչպես նշել է Իրինա Կոստեցկայան, այդ հիվանդության կազմակերպումը լուրջ աշխատանք է պահանջում. մարդը պիտի որոշակի ուղի անցնի ախտորոշում ստանալուց մինչեւ իմունային կարգավիճակի նվազման պարագայում բուժման սկիզբը, եւ մեծ երկրում այդ ուղին ճիշտ կազմակերպելն այնքան հեշտ չէ, որքան կցանկանայինք:
Պատահում են, օրինակ, դեպքեր, երբ ՄԻԱՎ-ը հայտնաբերում են հիվանդանոցում պառկած մարդու մոտ: Մինչեւ նրա ախտորոշումը հաստատում են, նա դուրս է գրվում հիվանդանոցից եւ նրա հետ կապը կորում է: Հետագայում այդ մարդուն գտնելու եւ նրա հետ աշխատելու համար հիվանդանոցների սոցիալական աշխատողներից բավականին ջանքեր են պահանջվում:
Կան նաեւ մարդիկ, որոնք առանձնապես հետաքրքրված չեն բուժում ստանալու հարցով, որովհետեւ բուժումը կենսակերպի փոփոխություն է ենթադրում, թմրանյութերից, ծխելուց եւ ալկոհոլից հրաժարում: Որոշ հիվանդներ պատրաստ չեն եւ չեն ուզում փոխվել: Նման մարդկանց հետ եւս անհրաժեշտ է աշխատանք տանել, նրանց բացատրել, եւ դա եւս ծանր աշխատանք է:
Հիշեցնենք, որ Հայաստանում 1988-ից ի վեր եւ մինչ օրս ՄԻԱՎ-ով վարակված 2279 մարդ է գրանցվել: Այսօրվա դրությամբ ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնում 1591 մարդ է հաշվառված, որոնցից 973-ը հակառետրովիրուսային բուժում են ստանում:
Հաշվարկային տվյալներով, այսօր Հայաստանում ՄԻԱՎ-ով 3800 մարդ է ապրում, եւ նրանց մոտ 60 տոկոսը դեռ չգիտե իր կարգավիճակի մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում