Ծխելը փոխում է բերանում մանրէների կազմը

31 մարտի, 2016  13:05

Ծխելը փոխում է բերանի խոռոչում մանրէների կազմը, ինչը լուրջ վտանգ է ներկայացնում առողջության համար: Իսկ ծխելուց հրաժարվելու դեպքում բերանում մանրէների կազմը վերադառնում է նորմային: Այդ մասին հայտնում են  NYU Langone Medical Center-ի (ԱՄՆ) գիտնականները:

1200 ամերիկացու մասնակցությամբ նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ ծխելը խախտում է միկրոբիոմի կազմը` գրեթե 600 տարատեսակ մանրէների համադրության, որոնք մշտապես ապրում են մարդու բերանում: Օրինակ` ծխողների մոտ առավել ակտիվորեն բազմանում է մանրէի 150 տեսակ, որոնցից մի քանիսը մեծացնում են ատամների հիվանդության եւ այլ խնդիրների առաջացման վտանգը: Եվ հակառակը` օրգանիզմը պաշտպանող «լավ» մանրէների քանակը ծխողների բերանի խոռոչում անհամեմատ ավելի փոքր է եղել, քան չծխողների եւ ծխելը թողած մարդկանց մոտ: Օրինակ` պրոտոմանրէները, որոնք ավերում են թունավոր նյութերը եւ պաշտպանում են բերանի խոռոչը, չծխողների միկրոբիոմի   մոտ 12 տոկոսն են կազմել, իսկ ծխողների` ընդամենը 5 տոկոսը:

Այս ուղղությամբ վերջերս կատարված աշխատանքները մարսողության համակարգում մանրէների դիսբալանսը կապել են իմունային այնպիսի խանգարումների հետ, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը, ինչպես նաեւ աղեստամոքսային քաղցկեղի մի քանի տարատեսակները: Մասնագետների խոսքով, բերանի խոռոչի ուռուցքների ավելի քան երեք քառորդը կապված է ծխելու հետ, սակայն մինչեւ վերջերս պարզ չէր, արդյոք այդ հիվանդությունների զարգացման գործում ներդրում են ունենում բերանում մանրէների փոփոխությունները: 

Բարեբախտաբար, ծխողների բերանի միկրոֆլորան վերականգնվում է ծխելուց հրաժարվելուց հետո, բայց դրա համար անհրաժեշտ է մոտ 10 տարի սպասել:

Սա բերանի մանրէների վերաբերյալ առավել մանրամասն վերլուծությունն է, որը հիմնված է գենետիկական ճշգրիտ թեստավորման վրա: Այդ մասին հայտնում է  ISME Journal-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում