Ընդամենը 10 րոպե տեւողությամբ ձգման վարժությունները կարող են թեթեւացնել դաշտանադադարի նշանները եւ օգնել դեպրեսիայի դեմ պայքարում: Նման եզրակացության են հանգել Ճապոնիայից գիտնականները: Նրանց խոսքով, կանայք, որոնք նման վարժություններ են անում եւ բոբիկ քայլում են, անհամեմատ ավելի հազվադեպ են բախվում դաշտանադադարի ախտանիշներին, նրանց մոտ բարելավվում է նաեւ տրամադրությունը եւ քնի որակը: Սակայն վարժությունները չեն օգնում ազատվել շոգի հոսքերից, ցույց է տվել հետազոտությունը:
«Եթե կինը կարողանա ոտքով զբոսնել 30 րոպե, իսկ հետո ձգման վարժություններ անել 10 րոպե, դա կբարելավի նրա առողջությունը, կնվազեցնի դաշտանադադարի ախտանիշները, կբարձրացնի տրամադրությունը եւ կամրապնդի ուղեղի մտածողական գործառույթները,-ասել է բժիշկ Ջոան Պինկերտոնը The North American Menopause Society-ից (ԱՄՆ): Կանոնավոր վարժությունները բարելավում են քնի որակը, ինչը եւս հսկայական նշանակություն ունի»:
Ճապոնական Physical Fitness Research Institute-ի կազմակերպած Meji Yasuda Life Foundation of Health and Welfare հետազոտությանը 40-ից 61 տարեկան 40 կին է մասնակցել: Նրանցից 20-ը կամայականորեն ընտրվել էին քնից առաջ օրական 10 րոպե ձգման վարժություններ կատարելու համար, իսկ մնացած 20-ը պահպանել էր նստակյաց կենսակերպը: Հետազոտողները գնահատել են կանանց դաշտանադադարի ախտանիշները 10 հատուկ հարցի միջոցով: Բացի այդ, նրանք տեղեկություններ են ստացել վերջիններիս ֆիզիոլոգիական ախտանիշների, տրամադրության եւ քնի որակի, ինչպես նաեւ մարմնի ցավերի մասին:
Փորձարկման սկզբի պահին բոլոր կանայք դաշտանադադարը մոտավորապես նույն կերպ էին տանում: Ավելի քան կեսի մոտ վառ արտահայտված ախտանիշներ էին դիտարկվում, իսկ երկու երրորդը դեպրեսիա ուներ: Կանանց մեծամասնությունը ֆիզիկապես ակտիվ չէր:
Ձգման վարժությունները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին օգնել են ընդամենը երեք շաբաթում բարելավել ցուցանիշները գրեթե բոլոր ուղղություններով: Միայն շոգի հոսքերի ինտենսիվությունը երկու խմբում էլ նույնն է մնացել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day