• Latest news

Վիրավոր հայ զինծառայողներին բուժում են նվեր ստացած նորագույն սարքերով

7 հուլիսի, 2016  10:21

Երեւանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում հուլիսի 6-ին փորձարկել են ամերիկյան ընկերությունից նվեր ստացած նոր համակարգը, որը նախատեսված է բաց վերքերի բուժման համար: Հիմա այն օգտագործում են ապրիլյան պատերազմի ընթացքում վիրավորված Ռոլանդ Սահակյանի պառկելախոցերը բուժելու համար: Անցած շաբաթվա վերջին նունպիսի մի սարք էլ «Էրեբունի» բուժկենտրոնն է ստացել, որտեղ այն հիմա գործածվում է վիրավոր Էրիկ Բաբայանի բուժման համար:

V.A.C. հապավումով համակարգը, ինչը նշանակում է Vacuum-assisted closer, վերքի շուրջ վակուում է ստեղծում, ինչի շնորհիվ այն ավելի շուտ է լավանում, քան սովորական վիրակապերի դեպքում: Հայաստանը 12 նման համակարգ է նվեր ստացել, ու դրանք արդեն բաժանել են հոսպիտալներին ու կլինիկաներին:

Միկրովիրաբույժ Գեւորգ Յաղջյանը, որի ջանքերով այս սարքերը բերվել են Հայաստան, պատմել է NEWS.am Medicine –ի թղթակցին, որ վերքերը բացասական ճնշումով բուժելու մեթոդը ամերիկյան պլաստիկ վիրաբույժները 15 տարի առաջ են մշակել: Այսօր այն ամբողջ աշխարհում կիրառվում է այն վերքերը բուժելու համար, որոնք այդ պահին այս կամ այն պատճառով պլաստիկ վիրաբույժները չեն կարողաանում փակել: Դրանք հիմնականում պայթյունների, այրվածքների ժամանակ, հրազենային վիրավորումից ստացված վերքերն են:

Գեւորգ Յաղջյանը պատմել է, որ ծանոթ է եղել ամերիկացի վիրաբույժների մեթոդին, իսկ երբ քառօրյա պատերազմի ժամանակ տեսել է, որ նման բաց վերքերով զինծառայողներին վերքերի առաջնային մշակումից հետո պարզապես Լեռնային Ղարաբաղից Երեւան են տեղափոխում, նա հասկացել է, որ նման սարքը Հայաստանի համար անհրաժեշտություն է:

«Ես դիմեցի բոստոնցի բժիշկներ Շահե Ֆերեշետյանին ու Քերոլայն Նաջարյանին, իսկ նրանք էլ իրենց հերթին դիմեցին արտադրողին, ու զարմանալին այն է, որ արտադրողը որոշեց 12 նման համակարգ նվիրել Հայաստանին»,- պատմել է միկրովիրաբույժը: Նա հավելեց, որ առաջ՝ մինչեւ ապրիլյան պատերազմը, իրենք փորձել են ձեռք բերել գոնե մեկ նման սարք, բայց արտադրող ընկերությունից միշտ ասել են, որ այն չի վաճառվում՝ ԱՄՆ-ում V.A.C–ը տրամադրվում է լիզինգով: Գեւորգ Յաղջյանի կարծիքով, բոստոնցի բժիշկները հասկացել են տվյալ պահին Հայաստանի համար այդ մեթոդի անհրաժեշտությունը ու արել ամեն ինչ, որպեսզի երկիրը ունենա նման համակարգեր:

Նրա խոսքով, Հայաստանին տրամադրվել են վերջին սերնդի V.A.C. VERAFLO եւ V.A.C. Ulta Negative Pressure Wound Therapy System համակարգեր, որոնցում կա եւ վակուումային սարքավորում, եւ վերքերի լվացման մեխանիզմ:

Հունիսի կեսերին ԱՄՆ-ից մեր հայրենակից Ալլեն Գաբրիելը հայերենով հեռակոնֆերանս է անցկացրել Երեւանի, Գյումրիի ու Ստեփանակերտի բժիշկների համար, որոնք հետագայում աշխատելու են V.A.C.–ով: Անցկացվել է վարպետության դասընթաց՝ իրական հիվանդի մասնակցությամբ: Օգոստոսին, Գեւորգ Յաղջանի խոսքով կկայանա եւս մեկ նման հեռակոնֆերանս:

Հայաստանում սարքավորման առաջին փորձարկումները անցկացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում՝ այն երկու դեռահասների վերքերի բուժման համար, որոնք տուժել էին Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունից: «Մեթոդի կիրառումով տղայի մոտ վերքը լավացել է 20 օրում, իսկ ստանդարտ բուժման դեպքում ապաքինումը 1.5 ամիս կտեւեր: Նման մեթոդի գործածման մեկ օրը հավասար է ստանդարտ թերապիայի 3-4 օրվան»,- ասում է միկրովիրաբույժը:

Հումանիտար բեռի տեղափոխման հարցում Գեւորգ Յաղջյանին օգնել է Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), որը արդեն մեծ փորձ ունի նման գործերում: ՀՕՖ–ի առողջապահության ծրագրի ղեկավար Համբարձում Սիմոնյանը պատմել է, որ ԱՄՆ-ում «Հայաստան Արցախ» հիմնադրամը կազմակերպել է սարքերի տեղափոխությունը Հայաստան, իսկ այստեղ՝ Հայաստանում, ՀՕՖ–ը կազմակերպել է հումանիտար բեռի ստացումը՝ Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հարցերով հանձնաժողովի միջոցով: Դրանից հետո Գեւորգ Յաղջյանի հետ միասին մշակվել է Հայաստանի կլինիկաներին համակարգերի բաշխման ծրագիրը: Հիմնադրամի ներկայացուցչի խոսքով 12 համակարգերի ընդհանուր արժեքը, ըստ արտադրող ընկերության ինվոյսի, 717 344 դոլար է, չհաշված փոխադրման ծախսերը: Փոխադրման համար, ինչպես պարզաբանեց Գեւորգ Յաղջյանը, բոստոնցի բժիշկներն են վճարել:

Երեւանում համակարգերը ստացել են «Էրեբունի» ԲԿ-ն, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն ու Կենտրոնական զինվորական հոսպիտալը: Հաջորդը կստանա Առաջին համալսարանական հիվանդանոցը: Լեռնային Ղարաբաղում սարքերը ստացել են Հանրապետական բուժկենտրոնն ու Ստեփանակերտի հոսպիտալը: Մեկական սարքեր էլ կստանան Բերդն ու Գյումրին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է