• Latest news

Գերմանացի օնկոգինեկոլոգը համագործակցության 5-ամյա պայմանագիր է ստորագրել «Աստղիկ» ԲԿ-ի հետ

13 հուլիսի, 2016  19:02

Հայդելբերգի համալսարանական կլինիկայի Ֆրաու-կենտրոնի պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը (Գերմանիա) համագործակցության 5-ամյա պայմանագիր է կնքել հայկական «Աստղիկ» բժշկական կենտրոնի հետ: Այդ մասին հուլիսի 13-ի մամուլի ասուլիսին հայտնել է ինքը` գերմանացի մասնագետը, որն արդեն իր ծառայություններն է առաջարկում Հայաստանում: 

Կանացի վերարտադրողական օրգանների (կրծքագեղձերի, արգանդի վզիկի) ուռուցքների բուժման մեջ մասնագիտացած պրոֆեսորը նախատեսել է տարին չորս անգամ Երեւան գալ՝ խորհրդատվություններ եւ վիրահատություններ կատարելու: Այս համագործակցության շրջանակում «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկները մեկնում են Գերմանիա՝ վերապատրաստվելու եւ գերմանացի կոլեգաների հետ փորձի փոխանակում իրականացնելու: Բացի այդ, «Աստղիկ»-ի եւ Հայդելբերգի համալսարանական կլինիկայի մասնագետները ամեն շաբաթ տելեկոնֆերանս են անցկացնում, որի ընթացքում քննարկում են իրենց հիվանդների ախտորոշումները եւ միասին յուրաքանչուր կոնկրետ մարդու համար գտնում են հնարավոր բուժումներից լավագույնը:  

«Այսինքն յուրաքանչյուր հայ ուռուցքային հիվանդի հետ այստեղ ոչ թե մեկ մասնագետ է աշխատում, այլ միջազգային խումբ», - ընդգծել է պրոֆեսորը:

Քրիստոֆ Զոնը նաեւ հավելել է, որ համագործակցության համար հենց «Աստղիկ»-ն է ընտրել, որովհետեւ այստեղ այնպիսի սարքավորումներ է գտել, որոնց հետ սովոր է աշխատել իր հայրենիքում: Նրա խոսքով, օրինակ, վիրահատարանն այստեղ չի տարբերվում գերմանական կլինիկայի վիրահատարանից, բացի այդ, բուժկենտրոնը զինված է ժամանակակից տեխնիկայով, որից չէին ամաչի եվրոպական հիվանդանոցները:  

Պրոֆեսորի խոսքով, ախտորոշման եւ բուժման գործում այսօր լուրջ դեր է խաղում տեխնիկան. որքան ավելի ժամանակակից եւ լավն է, այնքան ավելի լավը կլինեն արդյունքները, այդ պատճառով նրա համար շատ կարեւոր էր համագործակցել նորագույն սարքավորումներով զինված կենտրոնի հետ:

Պրոֆեսոր Զոնը բժշկական լավ տեխնիկան համեմատել է լավ մեքենայի հետ. «Եթե սովոր ես եւ կարող ես շքեղ մեքենա վարել, չես ուզի նստել 20-ամյա հնության մեքենայի ղեկին»:

«Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյանն իր հերթին հավելել է, որ իր ղեկավարած կլինիկայի եւ Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջեւ համագործակցության նպատակը ծառայությունների մակարդակը Հայդելբերգում առաջարկվողների մակարդակին հասցնելն է.  

«Դա վերաբերում է եւ հիվանդների հետ շփման մշակույթին եւ բուժման մարտավարությունների ընտրությանը` քիմիաթերապիայի եւ վիրահատությունների», - նշել է նա` հավելելով, որ հույս ունի, որ 5 տարուց «Աստղիկը» ոչնչով չի զիջի Հայդելբերգի համալսարանական կլինիկային եւ կկարողանա ըստ արժանվույն կոչվել հայ-գերմանական բժշկական կենտրոն:

«Մենք հենց այնպես չենք կոչվի հայ-գերմանական բժշկական կենտրոն. մեր մասնագետների ծառայությունների որակը եւ գիտելիքների մակարդակը ամբողջությամբ կհամապատասխանի այդ անվանմանը», - ընդգծել է նա:

Ասատուր Ասատրյանը նաեւ նշել է, որ «Աստղիկը» սկսում է համագործակցել նաեւ Գերմանիայի այլ կլինիկաների հետ. նրանց հետ կապեր հաստատելու հարցում օգնում է պրոֆեսոր Զոնը: Ավելին` մոտակա պլաններում կա նաեւ գերմանական մի կազմակերպության հետ կլինիկայի բազայի վրա գերմանական լաբորատորիա բացել, որը 1.5-2 տարվա ընթացքում կզինվի կենսաքիմիական, մանրէաբանական, իմունոհիստոքիմիական եւ այլ հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ ամեն ինչով: Քանի որ իմունոհիստոքիմիական հետազոտությունները, ինչպես նշել է պորֆեսոր Զոնը, շատ կարեւոր են ուռուցնքերի բուժման ճիշտ ռազմավարություն ընտրելու համար, նման լաբորատորայի բացումը կարող է Հայաստանում քաղցկեցների բուժումը նոր մակարդակի բարձրացնել:

Նշենք, որ Քրիստոֆ Ռ. Զոնը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, 19 գրքի, 165 գիտական հոդվածի եւ ավելի քան 400 ելույթի եւ զեկույցի հեղինակ, 29 գրքի համահեղինակ: Բժիշկ Զոնի գործունեության հիմնական ուղղությունը կնոջ սեռական համակարգի քաղցկեղային եւ նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ բուժման նոր մեթոդների փնտրտուքը եւ ներդրումն է, ինչի համար նա բազմաթիվ պարգեւների եւ մրցանակների է արժանացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել