• Latest news

Ինչու ենք մենք ամռանը հիվանդանում ՍՇՎ-ով

2 օգոստոսի, 2016  20:41

Մրսածությունը եւ ՍՇՎ-ն մեզ մոտ սովորաբար նույնանում են ձմեռվա ցրտի հետ, բայց ամռանը մրսելու կամ վարակվելու հավանականությունը բոլորովին էլ ավելի ցածր չէ: Բրիտանական Public Health England-ի տվյալներով, ամառվա ամիսների ընթացքում մրսածության հետ կապված հիվանդությունների եւ ՍՇՎ-ի մեծ թիվ է գրանցվում, հատկապես 5-14 տարեկան երեխաների շրջանում:

 Վիրուսաբան Ջոն Օքսֆորդը University of London-ից պարզաբանել է, որ աշնանը եւ ձմռանը որեւէ վիրուսով վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, որովհետեւ մենք շատ ժամանակ ենք անցկացնում փակ տարածքներում, իրար մոտ: Սակայն ամռանը մեզ շրջապատում են մեծ քանակությամբ վիրուսներ, որոնք հեշտորեն կարող են հայտնվել մեր օրգանիզմում եւ ՍՇՎ-ի ախտանիշներ, սրտխառնոց եւ փսխոց առաջացնել: 

Ձմռանը եւ ամռանը, մասնագետի խոսքով, տարբեր վիրուսներ մրսածության եւ ՍՇՎ-ի են հանգեցնում: Ձմռանը դրանք սովորաբար ռինովիրուսներն են` մարդու առավել հաճախ հանդիպող վիրուսները: Ամռանը մենք ամենից հաճախ հիվանդանում ենք էնտերովիրուսային վարակների պատճառով: 

Սովորաբար ցանկացած վիրուսային վարակ մրսածության չափավոր ախտանիշներ է առաջացնում, որոնք մի քանի օրից մինչեւ շաբաթներ են տեւում: Սակայն ձմեռային վիրուսներն ամենից հաճախ սահմանափակվում են վերին շնչառական համակարգով` քթով եւ կոկորդով, իսկ ամառային էնտերովիրուսները հաճախ վնասում են աղեստամոքսային համակարգը եւ մարսողության խանգարումների են հանգեցնում:  

Կարծիք կա, որ որոշ ռինովիրուսներ ոչնչանում են արեւային ճառագայթների կողմից, այդ պատճառով ամռանը մենք գործնականում չենք վարակվում ռինովիրուսային վարակներով, իսկ էնտերովիրուսները ուլտրամանուշակագույն ճառագայթմանը մեծ դիմադրողականություն ունեն: Ավելին, դրանք շատ լավ գոյատեւում են մեր մարսողական համակարգում:  Ռինովիրուսներն իրենց հերթին կարող են գոյատեւել ցրտին, երբ օդի ջերմաստիճանը   37 աստիճանից ցածր է:

Վիրուսներով վարակումից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս եւ ձմռանը, եւ ամռանը հետեւել հիգիենային, լվալ ձեռքերը, որովհետեւ շատ վիրուսներ մեր օրգանիզմում են հայտնվում հենց կեղտոտ ձեռքերի միջոցով:  Իսկ եթե Դուք մրսածություն կամ ՍՇՎ ունեք, ցանկալի է աշխատանքի չգնալ ուրիշներին չվարակելու համար, իսկ ախտանիշների վատացման դեպքում անհրաժեշտ է բժշկին դիմել, որովհետեւ էնտերովիրուսները կարող են մի շարք լուրջ բարդացումների հանգեցնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել