• Latest news

7 պատճառ, որոնց համար Հայաստանը գրավում է բժշկական զբոսաշրջիկներին

31 օգոստոսի, 2016  19:07

Հայաստանն ինչով կարող է գրավել բժշկական զբոսաշրջիկներին: Շատ բանով, համոզված է Րաֆֆի Էլիոթը, ահա թե նա ինչ է գրել Get Treated կայքի էջերում:

1. Պրոֆեսիոնալ բժիշկները

Ակնհայտ է, որ երկրում, ուր ժամանում են բժշկական զբոսաշրջիկներ` հուսալով որակյալ եւ մատչելի բուժում ստանալ, պետք է պրոֆեսիոնալ բժիշկներ լինեն: Իսկ Հայաստանում դրանք կան: Այս, թվում է, թե փոքր կովկասյան երկրում բժշկությունն ուսումնասիրվում եւ դասավանդվում է դեռեւս միջին դարերից, իսկ Մխիթար Հերացին` Հայաստանում 12-րդ դարում ապրած գիտնականը հսկայական ներդրում է ունեցել վիրաբուժության, դիետոլոգիայի եւ հոգեթերապիայի զարգացման գործում: Հենց Մխիթար Հերացու անունով է այսօր կոչվում Երեւանի պետական բժշկական համալսարանը, որում սովորելու են գալիս ուսանողներ աշխարհի բոլոր ծայրերից:  

Հայկական ծագմամբ շատ այլ բժիշկներ եւս աչքի են ընկել. Ռեյմոնտ Դավադյանը ստեղծել է  ՄՌՏ-ի սարքը, Միշել Տեր-Պողոսյանը ՊԵՏ սկանավորման գյուտն է արել, իսկ հայ բժիշկ Վարազդատ Ղազանդյանը համարվում է ժամանակակից պլաստիկ վիրաբուժության հայրը:  Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանում զարգանում էր բժշկությունը, հետազոտություններ էին անցկացվում, նոր մասնագետներ էին ձեւավորվում:

2. Ժամանակակից սարքավորումներ

Հայաստանը փոքր երկիր է, սակայն նրա բժշկական կենտրոնները հսկայական գումարներ են ներդնում ժամանակակից բժշկական  սարքավորումներ գնելու եւ անձնակազմի վերապատրաստման համար: Հայ շատ բժիշկներ ավելի ժամանակակից սարքավորումներ են օգտագործում, քան Կանադայից եւ Դանիայից նրանց գործընկերները: 

3. Հայաստան հասնելը բարդ չէ

Հայաստանը գտնվում է Եվրոպայի եւ Ասիայի սահմանագծին, իսկ Հայաստանի մայրաքաղաք Երեւան դժվար չէ հասնել Դուբայից, Փարիզից, Վիեննայից, Մոսկվայից եւ այլ խոշոր քաղաքներից. այդ բոլոր   (եւ շատ այլ) քաղաքներից ուղիղ ավիաչվերթներ կան Հայաստան: Այդ պատճառով շատերի համար անհամեմատ ավելի հարմար եւ շահավետ է հանգստյան օրերին թռչել Հայաստան եւ այնտեղ վիրահատվել, ոչ թե իրենց երկրի բժիշկների մոտ, որոնց գները մի քանի անգամ բարձր են:  

4. Անվտանգություն

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է այդ բառի բոլոր իմաստներով:   2015 թվականի Gallup’s Law and Order Index –ի համաձայն, Հայաստանն իններորդն է մոլորակի ամենաանվտանգ երկրների ցուցակում, իսկ Երեւանն անվտանգության մակարդակով գերազանցում է շատ հյուսիսամերիկյան եւ արեւմտաեվրոպական քաղաքների:    

Հայերը շատ հին ժողովուրդ են, որոնք հարգում են ուրիշներին եւ օգնում են զբոսաշրջիկներին: Ավելին, այստեղ դուք կկարողանաք հանգիստ զբոսնել փողոցով եւ ոչնչից չվախենալ: 

5. Հայաստանում զբաղվելու բան կգտնվի

Բացի որակյալ բուժումից, Հայաստանում Դուք կարող եք բազմաթիվ հետաքրքիր զբաղմունքներ գտնել. ակտիվ հանգստի սիրահարները կարող են լեռներում եւ բազմազանությամբ աչքի ընկնող լանդշաֆտներում արշավի գնալ, հասնել լեռներում թաքնված եկեղեցիներ: Ավելի «մշակութային» հանգիստ նախընտրող մարդիկ կարող են Օպերային թատրոն գնալ, իսկ գիշերային կյանքի սիրահարները` բազմաթիվ բարեր, լաունջ-սրճարաններ եւ ակումբներ:  

6. Մատչելի գներ

Բուժծառայությունների գներն ամենակարեւոր գործոններից մեկն են, որոնք երկիրը գրավիչ են դարձնում բժշկական զբոսաշրջիկների համար: Որքան էլ տարօրինակ է, շատ հիվանդների համար անհամեմատ ավելի հարմար եւ շահավետ է ինքնաթիռ նստել, մեկնել Հայաստան, ապրել հյուրանոցում, բուժում ստանալ եւ վերադառնալ հայրենիք, քան ուղղակի բժշկի գնալ իրենց երկրում: 

Հայաստանում վիրահատական միջամտության գները մոտավորապես 40-50 տոկոսով ավելի ցածր են, քան Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի երկրներում, ինչը հայկական բժշկությունը շատ եւ շատ մրցունակ է դարձնում: 

Հայաստանում ռենտգեն-հետազոտությունը 50 դոլարից պակաս արժե, մինչդեռ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում` ավելի քան 200 դոլար:

7. Կարելի է մեկ այցի ընթացքում մի քանի պրոցեդուրա անցկացնել

Հայաստանն այսօր գրավում է ատամնաբուժական ծառայությունների եւ պլաստիկ վիրահատությունների կարիք ունեցող հիվանդների:   Շատերը, գալով մեկ վիրահատության կամ բուժման համար, միաժամանակ մեկ այլ բուժում են անցնում, որը հայրենիքում   անընդհատ հետաձգում էին: Օրինակ` ատամի նոր իմպլանտի համար Հայաստան եկած շատ հիվանդներ  միաժամանակ նաեւ սպիտակեցնում են ատամները, բուժում են փչացածները կամ էլ գնում են ցանկացած այլ պրոցեդուրայի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել