Պրոգեստերոն հորմոնը, որը մտնում է օրալ հակաբեղմնավորիչների կազմի մեջ, կարող է կանանց պաշտպանություն ապահովել գրիպի բարդացումներից եւ օգնել վերականգնել թոքերի գործառույթը, որը խարխլվում է հիվանդության պատճառով: Նման եզրակացության են հանգել ԱՄՆ-ում Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները:
Լաբորատոր մկների մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ այդ սեռական հորմոնն ազդում է ոչ միայն վերարտադրողական համակարգի վրա, այլեւ մարդու ամբողջ օրգանիզմի: Հետազոտությունը ցույց է տվել, որ պրոգեստերոնը պաշտպանում է գրիպի առավել լուրջ բարդացումներից թոքերի բջիջների կողմից ամֆիրեգուլին կոչվող սպիտակուցի արտադրության ավելացման հաշվին: Երբ հետազոտողները պրոգեստերոն են տվել ամֆիրեգուլինից զրկված մկներին, պրոգեստերոնի պաշտպանական էֆեկտն անհետացել է: Միաժամանակ հետազոտության հեղինակները զարմացած չէին, որ պրոգեստերոնը նվազեցնում է գրիպի հետ կապված բորբոքումները եւ վնասվածքները, բայց նրանք ոչ մի դեպքում չէին սպասում, որ այդ հորմոնն օգնում է վերականգնել թոքերի բջիջները:
Վերարտադրողական տարիքի կանայք տղամարդկանցից երկու անգամ ավելի հաճախ են տառապում գրիպի բարդացումներից, սակայն ոչ ոք չգիտե, թե ինչու: Այժմ գիտնականները նախատեսել են հետագա հետազոտություններ կատարել` պարզելու, թե արդյոք պրոգեստերոնի հիմքի վրա օրալ հակաբեղմնավորիչներ ընդունող կանայք գրիպից պաշտպանություն են ստանում: Ամենահամեստ հաշվարկներով, հորմոնալ հակաբեղմնավորիչներ կանոնավոր կերպով օգտագործում է ավելի քան 100 մլն կին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day