Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այսօրվա լիագումար նիստում քննարկվում է կանանց թլպատման հարցը:
NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից հաղորդում է, որ զեկույցի համահեղինակ Բեատրիս Ֆրեսկո- Ռոլֆոն իր խոսքում ընդգծեց՝ 2016թ.-ի հունվարի 1-ի դրությամբ աշխարհում շուրջ 200 մլն կին եւ աղջիկ է թլպատվել:
«Թլպատում կատարում են Աֆրիկայի եւ Ասիայի մի շարք երկրներում, բայց նման դեպքեր նաեւ Եվրոպայում են պատահում: Ամեն օր կանայք եւ աղջիկները, որոնք եվրոպացիներ են կամ Եվրոպայի քաղաքացիներ, կանգնած են թլպատման վտանգի առջեւ»,- ասաց պատգամավորը:
Բեատրիս Ֆրեսկո- Ռոլֆոն հորդորեց Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին՝ ճանաչել կանանց թլպատումը որպես բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ եւ մշտապես ներառել այս խնդիրը ազգային հայեցակարգերում՝ բացառելու համար բռնությունը:
«Պետք է նաեւ պայքարել կանանց թլպատման դեմ՝ մարդկանց իրազեկելով սրա վտանգավորության մասին: Բացի դրանից, պետք է իրազեկման թերթիկներ պատրաստել այն լեզուներով, որոնցով խոսում են ամենաշատ թլպատում անող հասարակությունները: Պետք է քրեականացնել թլպատումը, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ պաշտպանելու կանանց եւ աղջիկներին թլպատումից: Միեւնույն ժամանակ, հորդորում ենք Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին բժշկական եւ խորհրդատվական աջակցություն տրամադրել թլպատված կանանց»,- ասաց զեկույցի հեղինակը:
Զեկույցի համաձայն՝ կանանց թլպատումը մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, կնոջ կամ աղջկա մարմինը պատկանում է միայն իրեն, ոչ թե ծնողներին կամ հասարակությանը, որտեղ ինքը մեծանում է: Զեկույցի հեղինակները կարծում են՝ թլպատում կատարող բժիշկը պետք է որակվի հանցագործ եւ պատասխանատվության ենթարկվի: Պատգամավորն իր խոսքում հիշեցրեց նաեւ, որ Աֆրիկայում կանանց եւ աղջիկներին ասում են՝ թլպատվեք եւ ավելի հեշտությամբ վիզա կստանաք:
«Սա սարսափելի է, գործընկերներ»,- նշեց նա:
Ելույթ ունեցող բոլոր պատգամավորները դեմ արտահայտվեցին կանանց թլպատմանը՝ գնահատելով դա որպես բռնություն կնոջ նկատմամբ եւ անդամախեղում:
«Թլպատումը ոչ միայն ցավ ու տառապանք է, այլեւ մարդու իրավունքների կոպիտ խախտում է: Սա համարվում է ժողովրդական ավանդույթ, սակայն լրջորեն վտանգում է կնոջ առողջությունը: Մենք քաղաքական գործիչներս պետք է դատապարտենք կանանց թլպատումը: Մեր երկրում՝ Լյուքսեմբուրգում, սա օրենքով պատժելի է. բժիշկը, որը թլպատում է իրականացնում, պատասխանատվության է ենթարկվում, ծնողները նույնպես պատասխանատվության են ենթարկվում»,- ասաց լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանսուազ Էտտո-Գաաշը:
Թուրք պատգամավոր Մեհմետ Էկմելլեդին Իշանօղլուն էլ խնդրեց կանանց թլպատումը չշփոթել կրոնի հետ:
Նշենք, որ կանանց թլպատումը վիրահատական միջամտություն է, որը նպատակ ունի ոչ բժշկական պատճառներով փոփոխել կամ վնասել կնոջ սեռական օրգանները: Սովորաբար մինչեւ 15 տարեկան աղջիկներն են ենթարկվում նման վիրահատության: Հատկապես կանանց թլպատումը տարածված է մուսուլմանական երկրներում եւ մեծ մասամբ կապված է մշակութային եւ սոցիալական բարքերի հետ: ՄԱԿ-ի տվյալներով՝ թլպատված կանանց մեծ մասն ապրում է Մերձավոր Արեւելքի, Ասիայի եւ Աֆրիկայի 30 երկրներում:
Զեկույցն ընդունվեց 67 կողմ եւ 1 դեմ ձայնով:
Աիդա Հովհաննիսյան, Ստրասբուրգ
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day