Զիկա վիրուսը կարող է ոչ միայն լուրջ ի ծնե խնդիրներ առաջացնել երեխաների մոտ, այլեւ կարող է հանգեցնել տղամարդկանց անպտղության: University of Washington-ի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ այս վիրուսով վարակված արու մկների ամորձիներն 90%-ով փոքրացել են, իսկ տեստոստերան արական հորմոնի քանակությունը կտրուկ կրճատվել է:

Արդեն ապացուցված է, որ նորածինների մոտ Զիկա վիրուսը նվազեցնում է գանգի չափը, միկրոցեֆալիա եւ ի ծնե այլ խնդիրներ առաջացնում: Հայտնի է նաեւ, որ վիրուսը կարող է սերմնահեղուկի մեջ պահպանվել մի քանի ամիս շարունակ, սակայն մինչեւ վերջերս պարզ չէր, թե այն ինչ ազդեցություն է ունենում վարակված տղամարդու մոտ եւ արդյո՞ք ազդում է պտղաբերության վրա:

Փորձերի ընթացքում գիտնականները մկներին վարակել են Զիկա վիրուսով, եւ երկու շաբաթ անց արուների ամորձիները զգալիորեն փոքրացել են՝ ներքին կառուցվածքի կոլափս առաջացնելով, որն ուղեկցվել է բջիջների մահվան կամ աստիճանական մահվան: Երեք շաբաթ անց մկների ամորձիները փոքրացել են արդեն 90%-ով եւ չեն վերականգնվել նույնիսկ 6 շաբաթ անց, երբ նրանց օրգանիզմից ամբողջությամբ դուրս է բերվել վիրուսը:

Պարզվել է, որ այս վիրուսը հարձակվում է սերմնահեղուկի աճող բջիջների՝ Sertoli-ի վրա, որոնք չեն վերականգնվում: Մինչեւ վերջերս գիտնականներն ապացույցներ չունեին տղամարդկանց անպտղության եւ Զիկա վիրուսի միջեւ կապի մասին:

Հետազոտողներն ընդգծում են, որ տղամարդիկ հաճախ չեն էլ իմանում իրենց անպտղության մասին այնքան ժամանակ, քանի դեռ չեն փորձում երեխա ունենալ: