Ծխախոտի ծխի մեջ պարունակվող քաղցկեղածինների ազդեցությամբ ԴՆԹ-ում փոխակերպումներ են առաջանում, որոնք կուտակվելով հրահրում են քաղցկեղի առաջացում: Los Alamos National Laboratory-ի հետազոտողները՝ Լյուդմիլա Ալեքսանդրովայի ղեկավարությամբ, հաշվարկել են, որ ծխած յուրաքանչյուր 50-րդ սիգարետը հանգեցնում է թոքի բջիջներում մեկ նոր փոխակերպման առաջացման:
Ծխելու հետ կապված փոխակերպումները նույնականացնելու նպատակով գիտնականները համեմատել են ծխողների (2500 մարդ) եւ չծխողների (1000 մարդ) ուռուցքների ԴՆԹ-ն: Նրանք պարզել են, որ օրական մեկ տուփ սիգարետ ծԽող մարդկանց թոքի բջիջներում տարվա ընթացքում առաջանում է 150 փոխակերպում, 97 փոխակերպում՝ կոկորդի բջիջներում, 39՝ ըմպանի, նաեւ 18 փոխակերպում՝ միզապարկի բջիջներում եւ 6 փոխակերպում՝ լյարդի բջիջներում: Հեղինակները նշել են, որ իրենց առայժմ չի հաջողվել պարզել, թե որ տեսակի փոխակերպումներն են մարդու համար ավելի վտանգավոր, բայց նրանք չեն կասկածում, որ ծխելը եւ առաջացող փոխակերպումները իսկապես կարող են քաղցկեղի հանգեցնել:
Գիտնականները նախազգուշացնում են, որ առողջության համար վտանգ է ներկայացնում ծխվող յուրաքանչյուր սիգարետը: Ծխելուց հրաժարվելը էականորեն նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը, ինչը պարզվել է 35 հազար տղամարդկանց մասնակցությամբ իրականացված հետազոտությամբ: Նրանց դիտարկումները շարունակվել են 50 տարի, որից հետո հետազոտողները պարզել են, որ ծխողներն իրենց հասակակիցներից միջինը 10 տարի պակաս են ապրել:
Բազմաթիվ ծխողներ համոզված են, որ չարժե վատ սովորությունից հրաժարվել, քանի որ ծխելու առաջացրած խանգարումներն անդառնալի են: Մինչդեռ մի շարք փորձերի արդյունքները ցույց են տալիս, որ ծխելուց հրաժարվելը (հատկապես երիտասարդ եւ միջին տարիքում) էականորեն նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day