• Latest news

Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք

20 հունվարի, 2017  15:40

Արմավիրի մարզի Ակնալիճ եւ Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով:

Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի եւ լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երեւան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձեւով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի եւ զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են եւ արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) եւ ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում այն հնարավոր չէ իրականացնել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը եւ տեսքը:

Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջեւ մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված: Դրանք ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչեւ 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,

• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,

• մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,

• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է