• Latest news

Հույս ունեմ՝ Հայաստանում հիվանդները չեն տուժի, քանի որ բոլոր էնդոկրինոլոգներն այստեղ են. գլխավոր էնդոկրինոլոգը՝ EASD դասընթացի մասին

6 ապրիլի, 2017  18:45

Հույս ունեմ, որ Հայաստանում հիվանդներն առաջիկա երեք օրերին չեն տուժի, քանի որ երկրի բոլոր էնդոկրինոլոգներն այստեղ են: Այս մասին հայտարարեց Առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը՝ Երեւանում բացելով Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (European Association for the Study of Diabetes, EASD) դասընթացը:

Հայաստանի եւ Արցախի, նաեւ Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Իրաքի, Իրանի, Հնդկաստանի եւ Սաուդյան Արաբիայի մասնագետները երեք օր կունկնդրեն EASD-ի «Կլինիկական դիաբետը եւ նրա բարդությունները» կոչվող հետդիպլոմային դասընթացը: Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Ելենա Աղաջանովան NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում առաջին անգամ է դասախոսությունների այսպիսի դասընթաց կազմակերպվում, եւ սա տեղական էնդոկրինոլոգների համար մեծ իրադարձություն է:

Նա հայտնեց, որ Դիաբետի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիան իր համաժողովներն անցկացնում է ամեն տարի, սակայն ոչ բոլոր ցանկացողներն են, հատկապես նախկինում Երկաթե վարագույրի հետեւում եղած երկրներից, դրանց մասնակցելու հնարավորություն ունենում: Այս պատճառով EASD-ի ղեկավարությունը դեռեւս 20 տարի առաջ որոշում ընդունեց այս երկրներում հետդիպլոմային արտագնա դասընթացներ անցկացնելու մասին: Դրանց նպատակը դիաբետի բուժման վերջին ձեռքբերումները ներկայացնելն է, եւ որպեսզի տարբեր երկրներում դիաբետով տառապող մարդկանց կյանքի որակը միատեսակ լինի: «Մեզ համար մեծ պատիվ է, որ նման մակարդակի մարդիկ մեզ մոտ են եկել: Եվրոպայից՝ Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Շվեդիայից, Լեհաստանից, Լիտվայից եւ այլ երկրներից մեզ մոտ են ժամանել 13 առաջատար դիաբետոլոգներ: Մի քանի սեմինարներ կանցկացվեն, որոնց ընթացքում կդիտարկվեն կլինիկական դեպքեր, այդ թվում՝ հիվանդների մասնակցությամբ: Մեր երկրում դեռեւս չի եղել դիաբետին նվիրված նման մակարդակի միջոցառում»,- նշեց նա:

EASD-ի հետդիպլոմային ուսուցման ենթակոմիտեի նախագահ Լեշեկ Չուպրինյակն իր ելույթում անդրադարձավ 2-րդ տիպի դիաբետի բուժման մոդելին: Նա նշեց, որ վերանայման կարիք ունի ինչպես դիբետների դասակարգումը, այնպես էլ բուժման մոտեցումը: Նրա խոսքով՝ մասնավորապես 2-րդ տիպի դիաբետի բուժումը պետք է անհատականացվի, հիվանդությունը պետք է ախտորոշել որքան հնարավոր է վաղ, անհրաժեշտ է բուժման արդյունավետության արագ գնահատում եւ ինտենսիվացում, նաեւ անհրաժեշտ է բոլոր միջոցներով խուսափել հիպոգլիկեմիայից:

Մանչեսթերի համալսարանի եւ Թագավորական կլինիկայի խորհրդական-դիաբետոլոգ ու ավագ դասախոս Լալանթա Լեելարաթնան ունկնդիրներին ներկայացրեց արյան մեջ գլյուկոզայի մակարդակի մշտադիտարկման տեխնոլոգիական վերջին ձեռքբերումները: Նա նշեց, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի որոշման ամենատարածված մեթոդը դեռեւս արյունը մատից վերցնելն է: Սակայն այս մեթոդն արդյունավետությամբ զգալիորեն զիջում է ռեալ ժամանակի ռեժիմում վերահսկողության առաջավոր մեթոդներին՝ բազմազան չիփերին եւ սենսորներին, որոնք ներպատվաստվում են մաշկի տակ եւ տվյալները փոխանցում սմարթֆոններին: Առավել զարգացած տեխնոլոգիաները վերաբերում են փակ կապվող համակարգերին (օգտագործվում է 1-ին տիպի դիաբետի բուժման համար), որոնք ներառում են սենսոր, ինսուլինի ներարկման պոմպ եւ կառավարող ալգորիթմ: Այսինքն՝ ինսուլինի ներարկումը ավտոմատ է կատարվում: Իսկ այս ոլորտում գիտության ամենավերջին ձեռքբերումը արհեստական ենթաստամոքսային գեղձն է:

Ելենա Աղաջանովան ներկայացրեց Հայաստանում մանկական դիաբետի իրավիճակը, իսկ Շվեդիայից Սիգնի Ռեյնիսդոթիրը խոսեց ճարպակալման խնդիրների մասին:

Երեխաները, որոնք «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայում բուժում են ստանում, բժիշկների առջեւ հանդես են եկել գեղարվեստական համարներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել