Ծխախոտային լոբբին շատ երկրներում դեռ հաղթում է, քանի որ այն աշխատում է երկրների խորհրդարանների ու կառավարությունների հետ։ Նրանք իրենց ազդեցության լծակներն ունեն ու նրանք հսկայական եկամուտներ են ստանում։ Այս մասին հայտնել է Հայաստանում ԱԿՀ ներկայացուցիչ Եգոր Զայցեւը, պատասխանելով NEWS.am Medicine –ի հարցին այն մասին, թե ինչու է ծխախոտային լոբբին առայժմ հաղթում շատ երկներում, այդ թվում Հայաստանում։
Ըստ Զայցեւի, ՀԲ-ի տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ ծխախոտից ստացված եկամուտները չափով անհամեմատելի են այն կորուստների հետ, որոնք կրում են երկրները ծխելու հետեւանքով։
Լրագրողների հետ զրույցում ԱՀԿ ներկայացուցիչը նշել է, որ ծխախոտի գործածումը մահացության ամենահեշտությամբ կանխվող պատճառներից մեկն է։
Նրա խոսքով, եթե ծխախոտը վերացնենք մարդկանց կյանքից, ապա տարեկան չի մահանա 7 մլն մարդ։ «Այդ թիվը համեմատելի է համաշխարհային պատերազմներում մարդկային կորուստներին»,- ասել է նա՝ հավելելով, որ դրան գումարած եւս 600 հազար մարդ է տարեկան մահանում պասիվ ծխելու հետեւանքով։ «Այսինքն այն մարդիկ, ովքեր չեն համաձայնել վտանգել իրենց կյանքը ու ընդամենը ծխողների կողքին են գտնվում»։
Եգոր Զայցեւի խոսքով, ծխախոտը խոչընդոտում է ցանկացած ոլորտի զարգացմանը։ «Ծխախոտը խոչընդոտում է երկրներին իրականացնել կայուն զարգացման 17 նպատակներից ոչ միայն երրորդ նպատակը՝ առողջությունը, այլ նաեւ աղքատության հաղթահարումը, սեռերի հավասարությունը եւ այլ»,- նշել է նա։
ԱՀԿ ներկայացուցիչը հավելել է, որ շատ հաճախ մարդիկ օրինակ են բերում ինչ-որ ծանոթների, որոնք ծխել են ու երկար կյանք են ապրել, բայց էպիդեմիոլոգիական տեսակետից, երբ մենք նայում ենք մարդկանց ամբողջ պոպուլյացիային, մենք գիտենք, որ ծխելը սպանում է, մարդկանց հաշմանդամ է դարձնում։ Ընդ որում ծխելու հետ են կապակցված շատ հիվանդություններ, որոնք մարդիկ դրա հետ չեն ասոցացնում։ Օրինակ անպտղությունն ու վիժումը, կարիեսը, կատարակտը, նաեւ իմպոտենցիան։
Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա ծխախոտի պատճառով աշխարհը տարեկան կորցնում է 1.5 տրիլիոն դոլար։ Սա առողջապահական եւ արդյունավետության կորուստի ծախսերն են։
Զայցեւի խոսքով ծխելու դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդներն են հարկերի բարձրացումը, անծուխ միջավայրը, ծխախոտի գովազդի ու հովանավորության արգելքը, տուփերի վրա նախազգուշացումները, մամուլի միջոցով քարոզարշավը ու ծխելուց հրաժարվողներին օգնության ծրագրերը։ «Եթե այդ ամենը հիմա գործարկվի Հայաստանում, ապա հինգ տարի հետո ծխելու մակարդակը կնվազի 40 տոկոսով»,- վստահեցնում է նա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day