«Նորք» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցները չեն հասկանում, թե ինչու է ընդունվել հենց իրենց կլինիկան փակելու որոշումը, քանի որ իր «վարկանիշով» սա վատագույն կլինիկան չէ, իսկ տեղադրությամբ՝ լավագույնը։ Կլինիկայի բժիշկներն ընդհանրապես չեն հասկանում՝ ինչպես կարելի է հոգեբուժական հիվանդանոցները փակել, երբ երկրում նման ծառայություններ մատուցող հաստատությունների եւ մասնագետների պակաս կա, այլ ոչ թե ավելցուկ։ Բայց, այնուամենայնիվ, եթե նման որոշումն անհրաժեշտություն էր, ինչո՞ւ հենց «Նորքը»։
NEWS.am Medicine-ի հետ զրույցում «Նորք» ԲԿ-ի բժիշկները նշեցին, որ կլինիկայի ճակատագիրն իրենց հետ չի քննարկվել, պարզապես մի քանի օր առաջ այցելել է առողջապահության փոխնախարար Տիգրան Սահակյանը եւ հայտնել, որ իրենց տնօրեն Գագիկ Միրիջանյանը տեղափոխվում է «Նուբարաշեն» կլինիկա, իսկ «Նորքը» կփակվի։
Իրենց հայտնի է, որ Առողջապահության նախարարությունում հատուկ հանձնաժողով էր ստեղծվել, որն ուսումնասիրել է «Նորք», «Նուբարաշեն» եւ «Ավան» հոգեբուժական կլինիկաներում գործերի վիճակը, սակայն հանձնաժողովի մի քանի անդամներ պնդում են, որ վերջնական որոշումը կայացնելիս իրենց կարծիքը հաշվի չի առնվել։ Նրանք պնդել են, որ «Նորքը» պետք է մնա իր հարմար դիրքի եւ հին ավանդույթների շնորհիվ։
Բժիշկները նշեցին, որ «Նորք» ԲԿ-ն պաշտոնապես մի շարք վճարովի ծառայություններ է մատուցում, այստեղ է ստեղծվել Հայաստանում առաջին խնամքի մասնագիտացված բաժանմունքը։ Այնպես որ, փողի իմաստով հիվանդանոցը ոչ միայն պետական ֆինանսավորում է ստանում, այլեւ հարկեր է մուծում։ Այն վնասաբեր չէ, պնդում են աշխատակիցները։
Ինչ վերաբերում է գիտական եւ կրթական գործունեությանը, ապա «Նորք» կլինիկան ժամանակին եղել է Հայաստանի հոգեբուժության կենտրոնը, եւ այստեղ է մինչեւ հիմա գտնվում Երեւանի պետական բժշկական համալսարանի ամբիոնը։ Այսօր այն միակ կլինիկան է, որտեղ երիտասարդ հոգեբույժներ կան։
Կլինիկան 113 աշխատակից եւ մոտավորապես նույնքան էլ հիվանդ ունի։ Եթե այն «Նուբարաշեն» կլինիկային միավորեն, աշխատակիցները չեն հասկանում, թե ինչպես են ամեն օր Նուբարաշեն հասնելու։ Ավելին՝ նրանք չեն հասկանում, թե ինչպես է շտապ օգնությունը Երեւանից փսիխոզով հիվանդներին մինչեւ Նուբարաշեն տեղափոխելու։
Ի դեպ, «Նորքի» աշխատակիցները հույս էլ չունեն, որ «Նուբարաշենում» իրենց աշխատանք կտան, քանի որ այն իր անձնակազմն ունի։ Իսկ երիկտասարդ մասնագետներն ուղղակի երկիրը կլքեն։
«Այսօր չի կարելի հոգեբուժական կլինիկա փակել։ Այն, որպես կառույց, այսօր անփոխարինելի է։ Առաջին՝ ինչո՞ւ եք փակում ամենալավ կլինիկան, եւ երկրորդ՝ ինչո՞ւ եք ընդհանրապես փակում։ Մեր պետությունն աղքատ է, պատերազմական վիճակում է, նկատվում է ալկոհոլամոլության եւ թմրամոլության աճ։ Այս ծառայությունները պահանջված են»,- ասաց «Նորք» կլինիկայի բժիշկներից մեկը։ Եվ հավելեց, որ եթե կլինիկան վաճառելու որոշում է ընդունվել, ապա այն կվաճառեն, եւ իրենց չեն հարցնի, պարզապես հետո, երբ վաճառողները խնդրի առջեւ կանգնեն, երբ հոգեբուժական հիվանդներն առանց խնամքի մնան, փողոցում, թող բժիշկներին չմեղադրեն, որ իրենց չեն զգուշացրել։
Նա կարծում է, որ եթե պետությունը միջոցներ չունի եւ անհրաժեշտ է ծախսերը կրճատել, ապա թող կառավարությունն իր աշխատակազմը կրճատի։ «Ձեր աշխատակազմը կրճատեք, այնքան հաստիքներ կան, որ կարելի է կրճատել։ Ձեր գոտիները ձգեք»,- հավելեց նա։

Հիվանդանոցը գեղատեսիլ վայրում է տեղադրված, Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Այն մեծ տարածք ունի՝ զբոսայգիով եւ ծիրանենիների այգիով։ Հենց այս տարածքն է վերեւներում մեկին գրավել, կարծում են կլինիկայի աշխատակիցները։

Հիշեցնենք, որ ԱՆ գլխավոր հոգեբույժ ու «Նուբարաշեն» կլինիկայի տնօրեն Սամվել Թորոսյանի հրաժարականից հետո «Նուբարաշեն» կլինիկայի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գագիկ Միրիջանյանը, որը մինչ այդ «Նորք» կլինիկան էր ղեկավարում։ Նախօրեին լրագրողների հետ զրույցում նախարար Լեւոն Ալթունյանը հայտնեց, որ լինելու է «Նորք» ու «Նուբարաշեն» կլինիկաների միաձուլում, բայց անձնակազմը չի կրճատվելու։ Մինչդեռ կան տեղեկություններ, որ կրճատումներ են ծրագրվում ոչ միայն «Նորք»-ում, այլեւ «Նուբարաշեն»-ում։






