• Latest news

Միզապարկի քաղցկեղը եւ ծխելը. արդյոք կապ կա՞

14 հուլիսի, 2017  21:37

Ինչպես հայտնի է, ծխելը կարող է ոչ միայն սիրտ-անոթային հիվանդությունների, այլեւ քաղցկեղի շատ տարատեսակների առաջացման պատճառ լինել: Արդյոք այն կապվա՞ծ է միզապարկի քաղցկեղի հետ: Այո´, կապված է, պնդում է ռադիոլոգ Անդրեյ Միշչենկոն (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան):

NEWS.am Medicine-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ ծխելիս օրգանիզմ են ընկնում զանազան քիմիական նյութեր, որոնք հետագայում արտազատվում են մեզի միջոցով: Քանի որ դրանք կենտրոնանում են միզապարկում, որոշ դեպքերում չարորակ պրոցեսներ են առաջացնում:

Ուրոլոգ Կարո Դերձակյանը (Քալիֆորնիա) նույնպես կարծում է, որ ծխելը միզապարկի քաղցկեղի առաջացման վտանգի լուրջ գործոն է: Ավելին` այս վտանգը դեռեւս երկար տարիներ մեծ է մնում նախկին ծխողների մոտ. նիկոտինը, որը տարիներով օրգանիզմում կուտակվել է, կշարունակի դեռեւս շատ երկար քայքայել նրանց առողջությունը:

Ինչպես իր հերթին նշեց ուրոլոգ, Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Գեւորգ Գրիգորյանը, միզապարկի քաղցկեղի առաջացման հավանականությունը կախված է ծխվող ծխախոտի քանակից` մարդը որքան շատ է ծխում, այնքան մեծ է հավանականությունը, որ նրա մոտ միզապարկի քաղցկեղ կառաջանա: Հիվանդներից շատերը, սակայն, այս մասին անգամ չեն կասկածում:

Ծխելու եւ միզապարկի քաղցկեղի թեմայով արտասահմանյան հետազոտությունների հետաքրքիր թիրախային վերլուծություն են կատարել Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (Ռուսաստան) մասնագետները. նրանք պարզել են, որ երկրներում, որոնք «պատմականորեն ծխող» երկրներ են համարվում (օրինակ` ԱՄՆ-ում, Անգլիայում, Լեհաստանում եւ այլն), միզապարկի քաղցկեղի դեպքերի 50 տոկոսը տղամարդկանց դեպքում եւ 25 տոկոսը  կանանց դեպքում կապված է հատկապես ծխելու հետ: Ավելին`Իտալիայում քաղցկեղի այս տեսակի բոլոր դեպքերի 50 տոկոսը եւ Կանադայում 61 տոկոսը նույնպես ծխելու հետեւանքով է առաջանում:

Հիշեցնենք, որ ինչպես պնդում են U.S. National Institute of Environmental Health Sciences-ի գիտնականները, ծխելը լուրջ եւ երկարատեւ փոփոխություններ է առաջացնում ավելի քան 7 հազար գեների աշխատանքում (սա ներկայաումս հայտնի բոլոր գեների գրեթե երրորդ մասն է): Գիտնականներից շատերի կարծիքով` հատկապես գեների աշխատանքում փոփոխությունն է նպաստում քաղցկեղային հիվանդությունների մեծ հավանականությանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել