Ուժային մարզումները կարող են դանդաղեցնել ցրված սկլերոզի զարգացումը եւ նույնիսկ ստիպել նահանջել ուղեղի ծավալը փոքրանալու գործընթացին։ Այսպիսով՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կարող է զգալիորեն դյուրացնել դեռեւս անբուժելի այդ հիվանդության բուժումը։ Այս մասին հաղորդել են դանիական Օրհուսի համալսարանի գիտնականները։
Ցրված սկլերոզով հիվանդները գիտեն, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ֆիզիկական նորմալ վիճակը պահպանելու եւ որոշ ախտանշանների, օրինակ՝ հոգնածության դեմ պայքարելու համար: Հիմա հետազոտողները պնդում են, որ ուժային մարզանքները կարող են դանդաղեցնել այդ հիվանդության ընթացքը:
Համալսարանի մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ մարզումները ոչ միայն դանդաղեցնում են ցրված սկլերոզի ընթացքը, այլեւ կանխում են ուղեղի ատրոֆիան, որը հիվանդության զարգացման ցուցիչներից է համարվում: Multiple Sclerosis Journal-ում հրապարակված հոդվածում նաեւ նշվում է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ կարելի է նույնիսկ հասնել ուղեղի որոշ գոտիների ծավալի վերականգնմանը:
«Վերջին 15 տարիների ընթացքում մենք իմացանք, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ոչ միայն չի վնասում ցրված սկլերոզով հիվանդներին, այլ հակառակը, դրական ազդեցություն է ունենում, օրինակ, նրանց քայլելու, հոգնածության դեմ պայքարելու, մկանների ամրությունը պահպանելու վրա, որոնց վիճակը հակառակ դեպքում կտրուկ վատթարանում է,- նշել են հետազոտության հեղինակները:- Բայց հիմա մենք պարզել ենք նաեւ, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պաշտպանական արդյունք է ունենում ցրված սկլերոզով հիվանդների վրա. ծանր աուտոիմունային այս հիվանդության դեպքում խանգարվում է մարդու շարժունակությունն ու տեսողությունը»:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day