• Latest news

Սեռավարակներն ինչպիսի՞ խնդիրներ կարող են առաջացնել

22 օգոստոսի, 2017  22:29

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների մեծ մասը բավականին հաջողությամբ են բուժվում: Սակայն եթե չբուժվեն, կարող են առողջությանը ծանր վնաս պատճառել: Գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանը եւ ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը ներկայացրեցին այն հիմնական խնդիրները, որոնք կարող են տղամարդկանց եւ կանանց մոտ առաջանալ չբուժված սեռավարակների հետեւանքով:

Մասնագետների խոսքով՝ եթե խլամիդիոզի նման սեռավարակներն առանց անհրաժեշտ ուշադրության են մնում, կարող են ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց անպտղություն առաջացնել:

Հայաստանում այս կամ այն սեռավարակների տարածվածության վերաբերյալ, ցավոք, վիճակագրական տվյալներ չկան, սակայն աշխարհում այսօրվա դրությամբ առավել տարածված են համարվում խլամիդիոզը, սուսանակը, տրիխոմոնիազը եւ հերպեսը:

Խլամիդիոզը բակտերիալ ինֆեկցիա է, որով կարելի է վարակվել սեռական բոլոր ձեւերի շփումների ժամանակ: Համարվում է, որ չբուժված խլամիդիոզը կարող է բորբոքային պրոցեսներ առաջացնել կանանց փոքր կոնքի օրգաններում եւ տղամարդկանց միզուղիներում ու մակամորձիներում: Այս բոլոր բորբոքումներն, իրենց հերթին, կարող են բերել անպտղության եւ արտարգանդային հղիության:

Սուսանակը նույնպես բակտերիալ հիվանդություն է, որի հարուցիչ Neisseria gonorrhoeae-ն փոխանցվում է սեռական բոլոր ձեւերի ակտերի ժամանակ: Տղամարդկանց մոտ հիվանդությունն ուղեկցվում է առնանդամից թարախային արտադրությամբ, միզելիս ցավերով եւ այրոցով, կարող են նաեւ աղիների դատարկման խնդիրներ լինել: Կանանց մոտ կարող են ցավեր եւ արյունահոսություն լինել հեշտոցային սեքսի ժամանակ, միզելիս ցավ ու այրոց եւ այլ խնդիրներ:

Տրիխոմոնիազը եւս մեկ տարածված ինֆեկցիա է, որի հարուցիչը միաբջիջ մակաբույծ Trichomonas vaginalis-ն է, որով կարելի է վարակվել չպաշտպանված սեքսի ժամանակ: Հիվանդությունը հաճախ ուղեկցվում է սեռական ուղիներից թանձր դեղնականաչավուն արտադրությամբ, քորով, սեռական ակտի ժամանակ ցավով եւ միզաթողության դժվարությամբ:

Սեռական օրգանների հերպեսը, ի տարբերություն խլամիդիոզի, սուսանակի եւ տրիխոմոնիազի, վիրուսային հիվանդություն է: Մեկ անգամ օրգանիզմում հայտնվելով՝ հերպեսի վիրուսն այնտեղ է մնում ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ եթե ախտանիշներն ամբողջությամբ վերանում են: Հերպեսը հատկապես վտանգավոր է հղիության ժամանակ, քանի որ կարող է երեխային փոխանցվել ծննդաբերելիս, նաեւ կուրություն, ուղեղի ախտահարում, իսկ երբեմն էլ նաեւ երեխայի մահը հարուցել:

Լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ մարդու պապիլոմայի վիրուսը, որի մի քանի շտամներ քաղցկեղածին են. օրգանիզմ ընկնելով՝ դրանք կարող են քաղցկեղային ուռուցքների աճ առաջացնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել