Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի տարեկան գիտաժողովը, որն այս տարի կկայանա Ծաղկաձորում՝ հոկտեմբերի 13-15-ին, նվիրված է լինելու ապագայի բժշկությանը: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի աշխատակազմի ղեկավար, նյարդաբան Անուշ Գասպարյանը:
Նրա խոսքով, մասնագետները անդրադառնալու են բժշկական նորություններին, բուժման արդի մեթոդներին: Այն առանձնանալու է իր լայն մասշտաբով եւ ձեւաչափով: Նախատեսվում են 500-ից ավելի մասնակիցներ:
«Բացի գիտական զեկույցներից, մենք ուզում ենք ոչ ֆորմալ շփում ապահովել բժիշկների միջեւ: Կլինեն վարպետության դասեր, քննարկումներ, փորձի փոխանակում: Մասնագետները, որոնք կժամանեն Եվրոպայից, Վրաստանից, Ռուսաստանից, հանդես կգան զեկույցներով: Անվանի պրոֆեսորներ կանցկացնեն վարպետության դասեր, որոնց շնորհիվ մեր բժիշկները արտասահմանում ներկայացվող հավաստագրեր կստանան», - հայտնեց Անուշ Գասպարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց նպատակներից մեկն էլ մարզային առողջապահության զարգացումն է, եւ ՀՀ տարբեր մարզերից ժամանած բժիշկները գիտաժողովի ընթացքում եւս հնարավորություն կունենան ծանոթանալու մասնագիտական նորություններին: Նախատեսվում են մասնագիտական տարբեր սեկցիաներ: Անդրադառնալու են ներքին հիվանդություններին, ստոմատոլոգիային, դեղաբանությանը, մանկաբուժությանը, տղամարդու եւ կնոջ առողջությանը, օնկոլոգիային, ակնաբուժությանը: Գիտաժողովի վերջին օրը տեղի կունենա լիագումար նիստ՝ նվիրված ուռուցքաբանության արդի խնդիրներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր