• Latest news

ՌԴ իշխանությունները պետք է վերացնեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների համար ճամփորդական արգելքները

18 հոկտեմբերի, 2017  13:27

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստան-Ռուսաստան Միջխորհրդարանական միության գլխավոր վեհաժողովը: Միության առողջապահական խմբում քննարկվել են համաշխարհային առողջապահական խնդիրները, մարտահրավերները, դրանց լուծման ուղիները։

Վեհաժողովի շրջանակում կառույցի առողջապահական խմբում Հայաստանի ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը հանդես է եկել զեկույցով: Նա ներկայացրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի գործում Հայաստանում իրականացված օրենսդրական բարեփոխումները։ Պատգամավորն անդրադարձել է, մասնավորապես, ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ ճամփորդական արգելքների, պարտադիր հետազոտությունների վերացմանը։

Կարեն Ավագյանն ընդգծել է, որ երբ 1990-ականներին Հայաստանում գրանցվեցին ՄԻԱՎ-ի առաջին դեպքերը, բացասական տրամադրվածություն կար ՄԻԱՎ-ով ապրող անձանց նկատմամբ, փորձ էր արվում խստացնել նրանց վերաբերող ցանկացած կարգավորում։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ այդ խիստ միջոցները որեւէ կերպ չեն օգնում, որպեսզի խոցելի խմբերը թեստավորում անցնեն եւ բուժում ստանան։ Ուստի Հայաստանում փոխվեց քաղաքականությունը, ավելացան մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված պետբյուջեի հատկացումները։

Սա հանգեցրեց նրան, որ այսօր հղի կանանց գրեթե 100 տոկոսը ՄԻԱՎ-ի եւ սիֆիլիսի հետազոտություն է անցնում, դրական դեպքերի ժամանակ կանայք կանխարգելիչ բուժում են ստանում եւ առողջ երեխաներ ունենում։ Այս ամենի արդյունքում 2016 թվականին Հայաստանը ճանաչվել է երկիր, որն էլիմինացրել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը. մեր երկրում մորից երեխային ՄԻԱՎ այլեւս չի փոխանցվում։

Միջխորհրդարանական միության առողջապահական խմբի անդամներն այցելել են նաեւ Սանկտ Պետերբուրգի ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոն, հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի քաղաքապետարանի, այլ կառույցների ներկայացուցիչների հետ։ Կարեն Ավագյանը հանդիպումների ընթացքում խոսել է Ռուսաստանի կողմից ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց նկատմամբ կիրառվող ճամփորդական արգելքների, մասնավորապես, այդ մարդկանց արտաքսման խնդրի մասին։ Ռուսական օրենսդրական այս դրույթն առնչվում է նաեւ Հայաստանից Ռուսաստան մեկնողներին։ Ռուսաստանից արտաքսումից խուսափելու համար չպաշտպանված սեռական հարաբերություններ ունեցած միգրանտները չեն հետազոտվում, արդյունքում լինելով ՄԻԱՎ վարակակիր եւ շատ դեպքերում տեղյակ չլինելով այդ մասին՝ վարակում են իրենց կանանց։ Վկայակոչելով հայաստանյան փորձը՝ Ավագյանը ՌԴ իրավասու մարմիններին առաջարկել է քննարկել օրենսդրական նորմերը մեղմելու հարցը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է