• Latest news

«Էրեբունի» ԲԿ-ն սրտի 3D քարտեզավորման CARTO 3 համակարգ է ներդնում

22 նոյեմբերի, 2017  19:37

Էրեբունի բժշկական կենտրոնը ներդնում է սրտի 3D քարտեզավորման CARTO 3 նորագույն համակարգը (3D mapping system CARTO 3), որի օգնությամբ հնարավոր կլինի բարձր ճշգրտությամբ ախտորոշում եւ սրտի ռիթմի խանգարման որոշ տեսակների կատեթերային աբլյացիայի միջոցով բուժում անցկացնել:

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան, «Էրեբունի» ԲԿ սրտաբանական ծառայության ղեկավար Համլետ Հայրապետյանը, այս համակարգը էականորեն կընդլայնի բժշկական կենտրոնի առիթմոլոգիական ծառայությունների հնարավորություններն ու ցանկը: Հնարավոր կլինի այնպիսի վիրահատություններ կատարել, որոնք նախկինում չէին կատարվում ոչ Էրեբունի ԲԿ-ում, ոչ էլ Հայաստանի բժշկական որեւէ այլ կենտրոնում:

Ինչպես իր հերթին նշեց «Էրեբունի» ԲԿ առիթմոլոգիական ծառայության ղեկավար Միհրան Մարտիրոսյանը, սրտի ռիթմի խանգարումները ոչ միայն վատացնում են պացիենտների կյանքի որակը, այլ որոշ դեպքերում կարող են սպառնալ նրանց կյանքին:

Հայաստանում եւ աշխարհում առիթմիայի ավելի շատ տարածված տարատեսակը՝ նախասրտի ֆիբրիլյացիան է: Հենց նա է «պատասխանատու»  հաշվառվող իշեմիկ ինսուլտների շուրջ 30 տոկոսի համար: Նախասրտի ֆիբրիլյացիայով տառապում է բնակչության մոտ 3 տոկոսը եւ 55-ից բարձր մարդկանց մոտ 6 տոկոսը:

Բժշկությունը սրտի ռիթմի խանգարումների բուժման մի քանի միջոց է առաջարկում. դեղամիջոցներով բուժումը մեծ մասամբ բավարար արդյունավետ չէ եւ ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, այդ պատճառով բժշկի ընտրությունը բավականին հազվադեպ է կանգ առնում դրա վրա: Նախկինում կատարվել են նաեւ բաց վիրահատություններ, որոնց ընթացքում վիրաբույժները ոչնչացրել են առիթմիայի օջախները, սակայն այդպիսի վիրահատությունները բարդ են եւ լի են մեծ ռիսկերով, իսկ դրանից հետո ապաքինումը երկարատեւ է, այդ պատճառով ժամանակակից բժշկությունը սկսել է հրաժարվել դրանից:

Ինչպես նշել է մասնագետը, կատեթերային աբլյացիան այսօրվա դրությամբ առիթմիայի բուժման ամենաարդյունավետ եւ անվտանգ միջոցն է: Միջամտության ընթացքում ազդրի արյունատար անոթներից մեկով մտցվում է հատուկ կաթետեր, որի օգնությամբ մասնագետը գտնում է առիթմիայի համար «պատասխանատու» բջիջները եւ այրում դրանք:

Նախկինում այս միջամտության ընթացքում մասնագետներն ստիպված էին բավարարվել երկչափ պատկերներով, որոնք ստացվում էին ռենտգենի միջոցով, սակայն շնորհիվ  CARTO 3 -ի այժմ նրանց հասանելի է եռաչափ պատկերը. դրա շնորհիվ նրանք կարող են աբլյացիայի միջամտությունը կատարել հնարավորինս արդյունավետ ու անվտանգ: Ավելին, այդպիսի միջամտության ժամանակ պացիենտը ավելի քիչ ռենտգեն ճառագայթում է ստանում, քան ավելի հին սարքավորման կիրառման դեպքում:

Հաջորդ ամսից «Էրեբունի» ԲԿ-ն կսկսի կաթետերային աբլյացիայի կարիք ունեցող սրտի ռիթմի խանգարումներով պացիենտների գրանցումը: Նոր համակարգի կիրառմամբ միջամտությունները կսկսեն կատարել արդեն մոտ ապագայում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել