• Latest news

Հայաստանում ՄՊՎ դեմ պատվաստումը կկատարվի ամբուլատորիաներում. մասնագետ

25 նոյեմբերի, 2017  18:36

Շատ երկրներում մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումները դպրոցներում են կատարում, սակայն Հայաստանում այն կկազմակերպվի ամբուլատորիաներում եւ պոլիկլինիկաներում, պնդում է Առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով՝ կպատվաստեն 2004 թվականի հուլիսից հետո ծնված 13 տարեկան աղջիկներին: Պատվաստանյութը ներարկվում է կրկնակի սխեմայով՝ երկու ներարկումների միջեւ պետք է անցնի 6 ամիս, այսինքն՝ պատվաստանյութի հաջորդ դոզան աղջիկները ստանում են արդեն հաջորդ տարի:

Գայանե Սահակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ աղջիկներին դպրոցում ազատ օր է հատկացվում, որպեսզի պոլիկլինիկա հաճախեն եւ պատվաստվեն: Այնուհետեւ նրանք պետք է պոլիկլինիկայից տեղեկանք բերեն: Մասնագետի պարզաբանմամբ՝ տեղեկանքը ներկայացնելու նպատակը մեկն է՝ այնպես անել, որ աշակերտուհիները դասերը բաց չթողնեն՝ ասելով իբր պատվաստվելու են գնում, բայց իրականում ինչ-որ այլ գործերով գնալով:

Հայաստանում ինչո՞ւ է որոշվել պատվաստումը դպրոցներում չկատարել:

Գայանե Սահակյանը նշեց, որ դպրոցներում պատվաստում կազմակերպող երկրների փորձը բավականին բացասական է եղել: Պատվաստմանը սպասող 13-ամյա աղջիկներից շատերը սկսում են անհանգստանալ, ինչի հետեւանքով նրանցից ոմանք բախվում են սինկոպայի, գլխապտույտի, ուշագնացության եւ այլ խնդիրների հետ: Դպրոցներում սա կարող է մի ամբողջ շղթայական ռեակցիա առաջացնել՝ մյուս աշակերտուհիները, տեսնելով, որ ինչ-որ մեկը վատացել է, նույնպես սկսում են վախենալ, եւ այս ֆոնին նրանց մոտ եւս նույն ռեակցիաները կարող են սկսվել:

Մասնագետի խոսքով՝ հենց այսպիսի բան է տեղի ունեցել Ճապոնիայում, Ղազախստանում եւ Դանիայում պատվաստում կատարելիս. երեխաներից շատերը սկսել են գիտակցության կորուստ ունենալ շղթայական ռեակցիայով: Մինչդեռ, եթե պատվաստումը կազմակերպվում է պոլիկլինիկայում, նման ռեակցիաների հավանականությունը ավելի փոքր է:

Գայանե Սահակյանը նաեւ նշեց, որ աղջկա ընտանիքը կարող է պատվաստումից հրաժարվել. այս դեպքում ծնողները կամ օրինական ներկայացուցիչը պետք է հրաժարվելու մասին գրավոր ներկայացնեն:

«Սա արվում է բուժաշխատողներին ապահովագրելու համար. եթե պատվաստումից հրաժարվելու դեպքում երեխայի մոտ խնդիրներ առաջանան, ծնողը չի կարող բուժաշխատողներին պահանջներ ներկայացնել՝ ասելով, թե ինքը տեղյակ չէր, որ նման խնդիրներ կառաջանան: Նա պետք է ձեռագրով գրի, որ տեղեկացված է այն մասին, թե ինչպիսի հետեւանքներ կարող են լինել պատվաստումից հրաժարվելու դեպքում, եւ միեւնույն է՝ հրաժարվում է»,- նշեց մասնագետը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ից Հայաստանում կներդրվի մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստանյութը: Դրա նպատակն է արգանդի վզիկի քաղցկեղի կանխումը, որը մեծ մասամբ կապված է մարդու պապիլոմայի վիրուսի հետ: Կօգտագործվի 4-վալենտանի Գարդիսոլ պատվաստանյութը, որը պաշտպանում է 16, 18, 6 եւ 11 շտամներից: Առաջին 2 շտամները քաղցկեղածին են համարվում, իսկ 6 եւ 11 շտամները պատասխանատու են կոնդիլոմայի եւ կրկնվող պապիլոմատոզի առաջացման համար:

Այս պատվաստանյութի ներդրումը բացասական ալիք է բարձրացրել, ըստ որում՝ դավադրությունների ամենատարբեր տեսությունների կողմնակիցների պնդումներից շատերն անհեթեթ են թվում, սակայն Գարդիսոլի պատվաստման դեմ են հանդես գալիս նաեւ բժիշկները, որոնք պնդում են, որ պատվաստանյութի արդյունավետությունը դեռեւս ապացուցված չէ, քանի որ շատ քիչ ժամանակ է անցել, եւ հայտնի է դրա մեծ թվով կողմնակի էֆեկտների մասին: Բժիշկներից շատերը կարծում են, որ ավելի ճիշտ է արգանդի վզիկի քաղցկեղի հայտնաբերման սքրինինգի անցկացումը: Մինչդեռ առողջապահության համակարգի ներկայացուցիչները սա հերքում են եւ պնդում, որ իրենց երեխաներն ու թոռներն առաջինը կպատվաստվեն Գարդասիլով, ինչը կօգնի ապացուցել այս պատվաստանյութի անվտանգությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է