Ես իմ երեխային կասկածելի պատվաստանյութով չեմ պատվաստի, ուրիշին էլ խորհուրդ չեմ տա. բժիշկը՝ գարդասիլի մասին

21 նոյեմբերի, 2017  22:44

Հայ հասարակությունում լուրջ վիճաբանություն է սկսվել մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման հարցով: Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը ծրագրում է դեկտեմբերից սկսել 13-ամյա աղջիկներին պատվաստել գարդասիլ պատվաստանյութով, որը հանրապետությանը տրամադրելու է հայտնի GAVI հիմնադրամը: Գարդասիլով պատվաստման հակառակորդները, վկայակոչելով Բիլ Գեյթսի խոսքերը, նշում են, որ այդ պատվաստանյութը ստեղծվել է բնակչության թիվը կրճատելու համար: Պատվաստման կողմնակիցներն էլ ընդդիմախոսներին մեղադրում են անտեղյակության եւ «դավադրությունների տեսությանը» հավատալու մեջ՝ նշելով, որ նրանց շրջանում բժիշկներ չկան: Բայց բանն այն է, որ գարդասիլի դեմ հանդես են գալիս նաեւ բազմաթիվ բժիշկներ: Նրանց հիմնական փաստարկը հետեւյալն է. գարդասիլը վտանգավոր է, իսկ դրա արդյունավետությունն ապացուցված չէ: NEWS.am Medicine-ի թղթակիցն այդ թեմայով զրուցել է մանկաբույժ եւ վարակաբան Երվանդ Մանուկյանի հետ:

Ինչո՞ւ եք դեմ մարդու պապիլոմավիրուսի դեմ գարդասիլով պատվաստմանը:

1957 թվականին Գերմանիայում GmbH դեղագործական ընկերության կողմից ստեղծվեց, այնուհետեւ ամբողջ աշխարհում կիրառության մեջ դրվեց տալիդոմիդ դեղամիջոցը, որը ոչ բարբիտուրատային տրանկվիլիզատոր էր, շատ արդյունավետ եւ հավանության էր արժանացել բոլոր պատկան կառույցների, այդ թվում՝ FDA-ի կողմից: Կիրառության 4 տարիների ընթացքում աշխարհում ծնվեցին ավելի քան 10.000 արատավոր երեխաներ՝ կույր, համր, առանց վերջույթների, որոնցից շատերը ապրում են մինչ օրս, եւ աշխարհն առերեսվեց նախադեպը չունեցող մի աղետի հետ, որը հետո պետք է կոչվեր տալիդոմիդային ողբերգություն:

Մարդկությունը սթափվեց, իսկ բժշկությունն ընկրկեց իր իսկ ստեղծած արտադրանքի առաջ: Պարզ դարձավ, որ յուրաքանչյուր արդյունավետ դեղամիջոց չէ, որ կարելի է օգտագործել: Այդպիսով ի հայտ եկավ դեղամիջոցի կիրառության երկրորդ չափորոշիչը` անվտանգությունը:

Ուսումնասիրել եմ FDA-ի եւ CDC-ի կայքերը եւ չեմ գտել գարդասիլ պատվաստանյութի վերաբերյալ բավարար ապացույցներ, որոնք լիարժեք կհիմնավորեն դրա արդյունավետությունն ու անվտանգությունը: Փոխարենը կան ռուսալեզու եւ անգլալեզու հարյուրավոր հոդվածներ՝ ինչպես հանրամատչելի, այնպես էլ մասնագիտական, որոնք վկայակոչում են գարդասիլի վնասակարությունը, թերարդյունավետությունը, մի քանի տասնյակի հասնող, այդ թվում՝ ծանր կողմնակի ազդեցությունները`ցնցումային համախտանիշ, դեմիելինիզացնող նեյրոպաթիաներ, կաթվածներ, վերջույթների տրեմոր, ուշագնացություն, սուր տարածուն ուղեղաբորբ,  սուր իդեոպաթիկ պոլիռադիկուլոնեւրիտներ, տրոմբոէմբոլիկ բարդություններ եւ իդիոպաթիկ արյունացան, լիմֆադենոպաթիաներ, Գիեն Բարրի համախտանիշ, աուտոիմուն հոդա- եւ անոթաբորբեր, ձվարանների դիսֆունկցիաներ, վաղաժամ սեռական ինվոլյուցիա, կյանքի հետ անհամատեղելի անաֆիլակտիկ ռեակցիաներ եւ այլն:

Ըստ որոշ գնահատականների՝ զարգացած երկրներում, որտեղ արգանդի վզիկի քաղցկեղից մահացության ռիսկը կազմում է 1.4/100.000 բնակչի հաշվով, ավելի շատ մարդ տառապում է ՄՊՎ-ի պատվաստման կողմնակի ազդեցություններից եւ բարդություններից, քան մահանում է քաղցկեղից: Գարդասիլի օգտագործումը որպես արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման միջոց մասնագիտական վեճերի եւ տարաձայնությունների առարկա է ամբողջ աշխարհում, որն առնվազն կասկածի տակ է դնում դրա օգտագործման նպատակահարմարությունը, իսկ կասկածելի դեղերով եւ պատվաստանյութերով (գոնե մեզ հայտնի) ես չեմ պատվաստի իմ երեխային, հետեւաբար՝ խորհուրդ չեմ տա եւ ոչ մեկին:

Պատվաստումն արվում է 13 տարեկանում, իսկ արգանդի վզիկի քաղցկեղն առաջանում է հիմնականում 40 տարեկանից հետո, հետեւաբար անհնարին է գնահատել պատվաստանյութի արդյունավետությունը կիրառման կարճ ժամանակահատվածում, նույնիսկ զգայուն տիպերի համար: Վստահ եմ, որ բժիշկների, ասել է թե՝ գիտակ մարդկանց բացարձակ մեծամասնությունն իր երեխային նման պատվաստում չի անի: Խոսքը ոչ թե առհասարակ չանելու, այլ գոնե մի 3 տարով հետաձգելու մասին է, որովհետեւ 10.5 տարին բավարար ժամանակ չէ՝ գնահատելու համար դրա լիարժեք արդյունավետությունն ու հեռահար կողմնակի ազդեցությունները:

Անվտանգության չափորոշիչը բժշկության զինանոցից դուրս է մղել հարյուրավոր դեղամիջոցներ՝ ստեղծված աշխարհի առաջատար դեղագործական ընկերությունների կողմից, ըստ որում՝ որոշները 20 եւ ավելի տարի կիրառությունից հետո: Վերջին 3 տարիներին, երկարատեւ օգտագործումից հետո, Հայաստանի շուկայից նույնպես հետ են կանչվել շատ արդյունավետ դեղեր` անվտանգ չլինելու պատճառով: Նիզորալ՝ ստեղծված 1976 թվականին (Բելգիա), տիբերալ` 1977թ. (Շվեյցարիա), Մերիդիա`1988թ. (Մեծ Բրիտանիա), բիոպարոկս`1996թ. (Ֆրանսիա) եւ բազմաթիվ այլ օրինակներ: Հայկական դեղաբանական միջավայրն ավելի անպաշտպան է. այսօր մենք կիրառում ենք դեղեր, որոնք չեն կիրառվում կամ պարզապես արգելված են նույնիսկ արտադրողի երկրում:

Ըստ Ձեզ՝ ի՞նչ միջոցառումներ են անհրաժեշտ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համար:

Թիրախային խմբերի մշտադիտարկում եւ սքրինինգ: Իհարկե՝ հայտնի է, որ պատվաստումը շատ ավելի արդյունավետ եւ մատչելի միջոց է, քան սքրինինգը (ԱՄՆ-ում 2005 թվականին ՄՊՎ-ի հետ առնչվող ծախսերի 80%-ը կատարվել է սքրինինգի համար՝ 8 մլրդ-ից 6.4-ը), սակայն գարդասիլով պապիլոմավիրուսի դեմ պատվաստումն ամենեւին արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստում չէ. գարդասիլը կարող է կանխել միայն ՄՊՎ-ի որոշ շիճատիպերով վարակը եւ, գուցե, դրանցով պայմանավորված քաղցկեղի առաջացումը: Այդ պատվաստանյութը չի կանխում ՄՊՎ-ի մյուս տիպերով վարակն ու դրանցով պայմանավորված քաղցկեղը, ինչպես նաեւ քաղցկեցի առաջացման բազմաթիվ այլ պատճառները, ուստի սքրինինգի անհրաժեշտությունը չի վերանում: Կարելի է պատվաստանյութի ձեռքբերման համար ծախսվող գումարը ներդնել կրթական հանրամատչելի զանգվածային տեղեկատվական ծածկույթ ապահովելու եւ թիրախային խմբերի սքրինինգ հետազոտման համար:

Այն, որ արգանդի վզիկի քաղցկեղի խնդիրը չափազանց արդիական է եւ դրա վերահսկումը՝ կարեւոր, կասկածից վեր է, բայց ո՛չ կասկածելի միջոցներով: Մենք սխալվելու իրավունք չունենք:

Դուք առհասարակ դեմ եք պատվաստումներին, թե՞ միայն գարդասիլին:

Պատվաստանյութերը բժշկագիտության եւ մարդկության մեծագույն հայտնագործություններն են, որոնց շնորհիվ փրկվել եւ փրկվում են տասնյակ միլիոնավոր կյանքեր: Հայտնի է, որ շատ ավելի դյուրին է կանխել հիվանդությունը, քան բուժել այն: Պրակտիկ աշխատանքում ամեն օր շփվում եմ պատվաստումների խնդրի հետ եւ գրեթե առանց բացառության բոլոր պացիենտները քննարկում են, 20%-ը` վիճարկում, իսկ շուրջ 10%-ը՝ մերժում պատվաստման նպատակահարմարությունը (ըստ որում՝ վերջինների թիվը շարունակ աճում է): Իմ տեսակետը հստակ է. եթե չկան հակացուցումներ, պատվաստում պետք է արվի: Եվ արվում է իմ բազմահազար պացիենտների 99%-ին: Ես բացատրում եմ, որ ինչպես բժշկական ցանկացած մանիպուլյացիա կամ դեղամիջոցի կիրառում, պատվաստումը նույնպես ռիսկեր է պարունակում, բայց դրանք կառավարելի են եւ անհամեմատելի չպատվաստվելու պոտենցիալ ռիսկերի հետ: Այդ իսկ պատճառով դեմ եմ իմ երկրում որեւէ կասկածելի պատվաստանյութի կիրառմանը, որը պատվաստման նկատմամբ շարունակ աճող անվստահության պատճառով գերզգայուն հասարակության մեջ կարող է վարկաբեկել ամբողջ կոնցեպցիան եւ առաջացնել բուռն բացասական ալիք: Իսկ գարդասիլից ծանր կողմնակի ազդեցությունների հավանականությունը չափազանց մեծ է:

Եթե պատվաստանյութի արդյունավետությունն առայժմ ապացուցված չէ, ինչո՞ւ են ԱՀԿ-ն, ԳԱՎԻ-ն, իսկ Հայաստանում՝ մեր առողջապահության նախարարությունն այդքան եռանդով լծվել դրա ներդրման գործին:

Այսօր դեղագործական ընկերություններն են կառավարում աշխարհը. ստեղծում են վիրուսներ, հետո «պայքարում» դրանց դեմ: Դեղագործական արդյունաբերության տարեկան շրջանառությունն աշխարհում ավելին է, քան զենքի, թմրամիջոցների, պոռնոինդուստրիայի ամբողջ արտադրանքի շրջանառությունը միասին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի