Թթենու (թթի) միացությունները ունակ են ձևափոխել աղիքային միկրոբիոտայի կազմն ու ազդել նյութափոխանակության վրա: Ընդ որում, հատապտղում պարունակվող տարբեր նյութերի համադրությունն ան համեմատ ավելի ուժեղ է ազդել, քան դրանցից յուրաքանչյուրն առանձին: Հետազոտությունը հրապարակվել է Biomolecules ամսագրում:
Վրոցլավի բժշկական համալսարանի գիտնականներն ամփոփել են սպիտակ և սև թթի վերաբերյալ ուսումնասիրությունները: Հիմնական ակտիվ նյութերն են եղել 1-դեզօքսինոջիրիմիցինը (DNJ), անտոցիանները, ինչպես նաև պոլիֆենոլներն ու պոլիսախարիդները: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է նրանով, որ այս միացություններն ավելացնում են օգտակար բակտերիաների քանակն ու վերջիններիս կողմից կարճ շղթայով ճարպաթթուների՝ աղիների առողջության և նյութափոխանակության համար կարևոր ացետատի, պրոպիոնատի ու բուտիրատի արտադրությունը:
Փորձարկումների ընթացքում սա հանգեցրել է մետաբոլիկ համախտանիշի և աղիների առողջության հետ կապված մի շարք ցուցանիշների բարելավման: Հատկապես հաստատուն էին միկրոբիոտայի փոխպատվաստման փորձերը. երբ «բուժված» կենդանիների միկրոբները փոխանցում էին մյուսներին, վերջիններիս նյութափոխանակությունը նույնպես բարելավվում էր: Սա ապացուցում է, որ պատճառը հենց միկրոֆլորայի փոփոխությունն է, այլ ոչ թե նյութերի ուղղակի ազդեցությունը:
Կարևոր է, որ արդյունքը մեծապես կախված է եղել նրանից, թե բույսի որ մասն է օգտագործվել և ինչպես է այն մշակվել. այսինքն՝ «պարզապես թութ ուտելը» դեռ չի նշանակում «բուժիչ ազդեցություն ստանալ»: Եվ գլխավոր սահմանափակումը. բոլոր արդյունքները ստացվել են կենդանիների վրա կատարված փորձերով, մարդկանց մասնակցությամբ կլինիկական փորձարկումներ դեռ չեն անցկացվել: Հետևաբար, թութը պետք է դիտարկել որպես ուսումնասիրության հեռանկարային օբյեկտ, այլ ոչ թե նյութափոխանակության խանգարումների դեմ պատրաստի դեղամիջոց: Այնուամենայնիվ, այս աշխատանքը տեղավորվում է ընդհանուր հետաքրքրության շրջանակում՝ թե ինչպես է բուսական սնունդն աղիքային միկրոբիոտայի միջոցով ազդում առողջության վրա:
Սննդի, աղիքային միկրոբիոտայի և առողջության կապը գիտության ամենաարդիական թեմաներից է. աղիներում առկա տրիլիոնավոր բակտերիաները վերամշակում են սնունդը և արտադրում նյութեր, որոնք ազդում են նյութափոխանակության, իմունիտետի և նույնիսկ ուղեղի աշխատանքի վրա: Մանրաթելերով ու պոլիֆենոլներով հարուստ բուսական մթերքներն օգտակար «սնունդ» են համարվում միկրոբների համար: Սակայն, ինչպես ցույց է տալիս հետազոտությունը, էական է ինչպես կոնկրետ մթերքը, այնպես էլ դրա պատրաստման եղանակը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day