«Էրեբունի» ԲԿ նեյրովիրաբուժության բաժանմունքում 2017-ի հոկտեմբերի 18-ին ընդունվել է 50-ամյա պացիենտ Ա. Մ.-ն՝ կենցաղային վնասվածքի հետեւանքով ստացած ողնաշարի L1 կոտրվածքով: Առկա է եղել ողնաշարի II0 սեպանման դեֆորմացիա՝ առանց նյարդաբանական բարդությունների:
Որոշվել է հիվանդին կոտրված ողնաշարի բալոնային կիֆոպլաստիկա անել, հաղորդում է հիվանդանոցի կայքը: Այն իրականացրել է «Էրեբունի» ԲԿ ողնաշարի պաթոլոգիայի ծառայության ղեկավար Կարապետ Մոմջյանը:
Մեթոդը նման է վերտեբրոպլաստիկայի, որի դեպքում կոտրված կամ վնասված ողի մեջ ոսկրային ցեմենտ է լցվում: Սակայն վերտեբրոպլաստիկան հնարավորություն չի տալիս շտկել ողի դեֆորմացիան:
Բալոնային կիֆոպլաստիկան թույլ է տալիս վիրահատական նվազագույն միջամտությամբ ամենաբարձր արդյունքի հասնել: Կոտրված ողի մարմնի մեջ հատուկ ասեղ է մտցվում, որի միջով հատուկ բալոն է ներդրվում եւ հեղուկ լցվում։ Այդպիսով շտկվում է կոտրված ողը, եւ դրա մեջ ոսկրային ցեմենտ ներարկելու համար խցիկ է ձեւավորվում: Այդ խցիկի շնորհիվ ողի սահմաններից ցեմենտի արտահոսքը կանխվում է, ինչը մյուս մեթոդի՝ վերտեբրոպլաստիկայի հաճախ հանդիպող բարդություն է:
Հիվանդը բուժկենտրոնից հաջորդ օրը դուրս է գրվել բավարար վիճակում:
Բալոնային կիֆոպլաստիկան համաշխարհային բժշկական պրակտիկայում կիրառվում է վերջին տասնամյակների ընթացքում: 2017-ի հոկտեմբերին «Էրեբունի» ԲԿ Ողնաշարի պաթոլոգիայի ծառայությունում այդպիսի վիրահատություն առաջին անգամ է իրականացվել:
Վերջին ամսվա ընթացքում հաջողությամբ վիրահատվել է եւս երկու պացիենտ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր