Ճանաչենք հիվանդությունները. Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ

24 դեկտեմբերի, 2017  12:33

Դուք, հավանաբար, որոշ հիվանդությունների մասին ոչ մի անգամ չեք լսի, եթե, իհարկե, բժիշկ չեք: Բայց կան հիվանդություններ, որոնց կարող է բախվել յուրաքանչյուրը, եւ դրանց մասին չիմանալ չի կարելի:

NEWS.am Medicine-ը «Ճանաչենք հիվանդությունները» խորագրի ներքո ներկայացնում է այն հիվանդությունները, որոնց մասին յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի՝ իմանալու համար, թե դրանք ինչ վտանգ են ներկայացնում, ինչպես կարելի է պաշտպանվել եւ ինչ պետք է անել, եթե, այնուամենայնիվ, հիվանդացել եք:

Այսօրվա թեման պոլիկիստոզային ձվարանների համախտանիշն է: Այս հիվանդության մասին ավելին իմանալ NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ եւ էնդոկրինոլոգ Անի Պողոսյանը:

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը խնդիր է, որը հաճախ ընկած է անպտղության եւ մի ամբողջ շարք էսթետիկական խնդիրների հիմքում, որոնց բախվում են աղջիկներն ու կանայք՝ տղամարդու նման մազակալում, մեծ ախորժակ, մեծ քանակությամբ ճարպաշերտեր՝ հատկապես փորի շրջանում եւ այլն:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս համախտանիշը եւ ինչո՞ւ է այս բոլոր խնդիրներն առաջացնում:

Անի Պողոսյանի պարզաբանմամբ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը պոլիէնդոկրինային համախտանիշ է, որի դեպքում դիտվում է ձվարանների, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամի կեղեւի, հիպոթալամուսի եւ հիպոֆիզի ֆունկցիայի խանգարում: Այս խանգարումների հետեւանքով աղջիկների կամ կանանց մոտ ձվազատում չի կատարվում (հետեւաբար նրանց չի հաջողվում հղիանալ), նկատվում է էստրոգենների (իգական սեռական հորմոններ) եւ անդրոգենների (արական հորմոններ) մեծ քանակություն, հաճախ նաեւ ինսուլինի գերարտազատում:Այս համախտանիշով կանանց ձվարաններում ամեն ամիս հասունանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ֆոլիկուլ: Սակայն ցիկլի միջնամասում, երբ պետք է ձվազատում կատարվի, այդ ֆոլիկուլներից ոչ մեկը չի պայթում. հասունացած ֆոլիկուլները կա՛մ դարձյալ փոքրանում են, կա՛մ վերափոխվում են ֆոլիկուլային կիստաների: Իսկ քանի որ ձվաբջիջը ձվարաններից չի հեռանում, կինը չի կարող հղիանալ:

Ինչպես վերեւում նշվեց, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը հաճախ ինսուլինառեզիստենտությամբ եւ լիպիդային փոխանակության խանգարումներով է ուղեկցվում. ինսուլինի նկատմամբ ռեզիստենտության պատճառով կանանց արյան մեջ գլյոկոզայի մակարդակը բարձրանում է, իսկ օրգանիզմն ի պատասխան սկսում է ավելի շատ ինսուլին արտադրել: Ինսուլինի ավելցուկային քանակությունը բերում է ախորժակի մեծացման, իսկ արդյունում՝ փորի շրջանում ճարպաշերտերի առաջացման: Ավելորդ ճարպաշերտերն իրենց հերթին դառնում են օրգանիզմում էստրոգենների եւ անդրոգենների ավելցուկային արտադրության պատճառ (որոնց հետեւանքով կնոջ դեմքին եւ մարմնին մազեր են առաջանում): Այսպիսով, գործ ունենք հորմոնալ խանգարումների շղթայի հետ, որոնք կանանց կյանքը նկատելիորեն բարդացնում են:

Ինչպե՞ս է ախտորոշվում պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը

Ուլտրաձայնային հետազոտությամբ կանանց ձվարաններում կարելի է հայտնաբերել մեծ թվով ֆոլիկուլներ: Սակայն, ինչպես նշեց մասնագետը, դա բավական չէ պոլիկիստոզ ախտորոշելու համար: Բժիշկը հիվանդին պետք է հետազոտի եւ հիվանդության պատմություն ստեղծի, պարզի դաշտանացիկլի վիճակը, արդյոք ունի հորմոնալ խանգարումների արտաքին նշաններ (օրինակ՝ վերեւում նշված մազակալումը): Անհրաժեշտ է նաեւ մի շարք անալիզներ հանձնել արյան մեջ որոշ հորմոնների մակարդակը ստուգելու համար. առանց այս անալիզների, ըստ ամենայնի, անհնար է ճշգրիտ ախտորոշում կատարել:

Որո՞նք են պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի ախտանշանները

Հիմնական ախտանշանները, ըստ որոնց կարելի է պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը կասկածել, դաշտանացիկլի խանգարումն է (ոչ կանոնավոր, հազվադեպ դաշտանը կամ դրա բացակայությունը, քիչ կամ, հակառակը, չափից ավելի առատ լինելը, ինչպես նաեւ ցավով ուղեկցվող դաշտանը), կենտրոնական ճարպակալումը (փորի շրջանում ճարպերը), տղամարդու նման ճաղատանալը կամ մազակալելը, կանանց մոտ անպտղությունը:

Ինչպես Անի Պողոսյանը նշեց, եթե աղջկա դեմքին եւ մարմնին ավելորդ մազեր կան, եթե նա ավելորդ կիլոգրամներ է հավաքում եւ դաշտանացիկլի խանգարումներ են նկատվում, նա ոչ թե կոսմետոլոգին պետք է դիմի, այլ գինեկոլոգ-էնդոկրինոլոգին: Եթե նա պարզապես դիետա պահի եւ էպիլյացիա անի, միայն կխաթարի հիվանդության կլինիկական պատկերը, իսկ բուն խնդիրն, իհարկե, չի լուծի, քանի որ դրա հիմքում հորմոնալ լուրջ խանգարումներն են:

Դաշտանի հետ խնդիրների կամ բեղմնավորման դժվարությունների դեպքում նույնպես խորհուրդ է տրվում բժշկի դիմել՝ այս խանգարումների պատճառը որքան վաղ հայտնաբերվի, այնքան կկարողանան կնոջը շուտ ցուցաբերել օգնություն:

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի տարածվածությունը

Ուլտրաձայնային հտազոտության դեպքում յուրաքանչյուր 5-րդ կնոջ մոտ կարող են հայտնաբերել պոլիկիստոզայինի նման ձվարաններ: Սակայն իրականում վերարտադրողական տարիքի կանանց միայն 5-10 տոկոսի մոտ են առկա բոլոր ուղեկցող խնդիրները եւ նշանները, որոնք թույլ են տալիս պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի ախտորոշում կատարել: Վերջին տվյալների համաձայն՝ այս համախտանիշը միանման տարածված է բոլոր էթնիկ խմբերում: Այսօրվա դրությամբ այն կանացի անպտղության առավել տարածված պատճառներից մեկն է:

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշի բուժումը

Ինչպես նշեց Անի Պողոսյանը, ճիշտ եւ գրագետ բուժման շնորհիվ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշով կինը կարող է հղիանալ եւ առողջ երեխա ծննդաբերել:

Բուժումը սկսելուց առաջ անհրաժեշտ է ճիշտ ախտորոշում կատարել՝ համոզվել, որ հիվանդի մոտ հենց պոլիկիստոզային ձվարանների համախատանիշ է՝  ուղեկցող բոլոր խնդիրներով, այլ ոչ թե բազմաֆոլիկուլային ձվարան:Հետագա բուժումը կախված է, թե կնոջ մոտ հատկապես ինչ խնդիրներ ու խանգարումներ են գտել, եւ նա ինչ նպատակներ ունի: Եթե հիվանդը աղջիկ է, որը դեռեւս չի մտածում մայրանալու մասին, սակայն ապրումներ ունի էսթետիկական խնդիրների պատճառով, որոնք նրա համար ստեղծել է պոլիկիստոզը, գինեկոլոգը կարող է նրա համար հորմոնալ բուժում ընտրել, որը նրան թույլ կտա ազատվել անցանկալի ախտանշաններից:

Իսկ եթե հիվանդը կին է որը ցանկանում է հղիանալ, բուժման նպատակն է հասնել այն բանին, որ նրա մոտ ձվազատում կատարվի: Դա կարելի է անել կոնսերվատիվ կամ վիրաբուժական ճանապարհով:

Առաջին դեպքում բժիշկը կարող է դեղեր ընտրել, որոնք կարող են ձվազատում առաջացնել: Պոլիկիստոզը բուժելիս հաճախ օգտագործում են միկրոդոզավորված համակցված օրալ հակաբեղմնավորիչներ՝ այն ընդունում են 4-6 ամիս, իսկ ընդունումը դադարեցնելուց հետո հիվանդների մեծ մասի մոտ ձվազատում է կատարվում, եւ նրանց հաջողվում է հղիանալ: Եթե կնոջ մոտ ախտորոշել են նաեւ ինսուլինառեզիստենտություն, բժիշկը նրա համար դեղամիջոցներ կընտրի նաեւ այս վիճակի բուժման համար:

Ինչ վերաբերում է վիրաբուժական մեթոդներին, դրանց էությունը հետեւյալն է՝ կատարվում է քիչ ինվազիվ վիրահատություն, որի ընթացքում վիրաբույժը ձվարանների հաստացված պատիճի վրա է ներգործում կաուտերիզացիայի, մասնահատման, էլեկտրադրիլինգի կամ դեկորտիկացիայի օգնությամբ:Ինչպես նշեց մասնագետը, պոլիկիստոզի վիրաբուժական մեթոդները կոնսերվատիվների համեմատությամբ մի շարք առավելություններ ունեն: Օրինակ՝ ձվարանների գերխթանման համախտանիշի վտանգ չկա (պոլիկիստոզով կանանց մոտ այս վտանգը շատ բարձր է սուպերձվազատման հորմոնալ խթանման դեպքում):

«Աստղիկ» ԲԿ-ում, որտեղ աշխատում է բժիշկ Պողոսյանը, լայնորեն կիրառվում է լապարոսկոպիան, որը պակաս տրավամատիկ է, քան բաց վիրահատությունը եւ գերազանց արդյունք է ապահովում: Վերջերս Անի Պողոսյանի՝ պոլիկիստոզով  հիվանդներից մեկը անպտղության երկար տարիներից հետո երեխա է լույս աշխարհ բերել. նա հղիացել է լապարոսկոպիկ կաուտերիզացիայից հետո 2 ամիս անց: Նույն ախտորոշմամբ եւս 2 հիվանդ հղիացել են 3 ամիսների ընթացքում:

Վերջաբանի փոխարեն

Պոլիկիստոզային ձվարանների համախտանիշն այսօր բավականին տարածված խնդիր է, որը հաճախ ընկած է ինչպես արտաքինի հետ կապված խնդիրների (մազակալում, ավելորդ քաշ), այնպես էլ անպտղության հիմքում: Լավ նորությունն այն է, որ ճիշտ ընտրված բուժման շնորհիվ այս համախտանիշով աղջիները կարող են ազատվել այն ախտանշաններից, որոնք նրանց արտաքինը փչացնում են, իսկ կանայք կարող են հղիանալ եւ առողջ երեխա ծննդաբերել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ