• Latest news

Աշտարակի կամուրջի տակ հայտնաբերված աղջկան վիրահատել են. մի քանի ամսից նա կկարողանա քայլել

4 հունվարի, 2018  21:39

23-ամյա Անուշ Չ.-ին, որին դեկտեմբերի 15-ի գիշերը գտել էին Աշտարակի կամուրջի տակ, վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում: Օրթոպեդ վիրաբույժների խումբը վերականգնել է աղջկա ջախջախված կոնքազդրը, եւ բժիշկները խոստանում են, որ մի քանի ամսից նա կկարողանա ոչ միայն քայլել, այլեւ անգամ հղիանալ եւ ծննդաբերել:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը NEWS.am Medicine-ի լրագրողին ասել է, որ կամուրջից ընկնելու արդյունքում աղջկա մոտ կոնքազդրի բազմաբեկորային կոտրվածք էր՝ մեծ տեղաշարժերով:

«Նման բարդության վնասվածնքները մեր կլինիկայում 2-3 տարին մեկ են հանդիպում», -ասել է տնօրենը:

Նրա խոսքով՝ ընկնելուց աղջիկը վայրէջք է կատարել աջ կոնքի վրա, եւ հենց դա էլ փրկել է նրա կյանքը. կոնքազդրը լուրջ վնասվել է, բայց գլուխը եւ կրծքավանդակը չեն տուժել:

4 ժամ տեւած բարդ վիրահատության ժամանակ մասնագետների խումբը հավաքել է ոսկորները եւ ֆիքսել երկու մետաղական իմպլանտներով, իսկ երրորդ իմպլանտի օգնությամբ ամրացրել է կոնքազդրի ձախ մասի հետ:

Այժմ աղջիկը ինտենսիվ թերապիայի բաժանմունքնում է, որտեղ վիրահատությունից հետո վերականգնվում է: Անէսթեզիայի ազդեցությունն արդեն անցել է, եւ աղջիկը գիտակցության է եկել:

«Նա պետք է երկարատեւ վերականգնում անցնի, բայց 3-4 ամսից կկարողանա քայլել: Ավելին՝ կկարողանա հղիանալ եւ ծննդաբերել», - ասել է Չարչյանը:

Անուշի վիրահատությունը մասամբ պետպատվերով էր վճարվել, սակայն նրա ընտանիքը պետք է 350 հազար դրամ համավճար տար: Քանի որ ընտանիքը ունեւոր չէ, իսկ աղջկա վիճակը ծանր էր եւ անհապաղ միջոցների ձեռնարկում էր պահանջվում, «Իզմիրլյան» կենտրոնն այդ ծախսերն իր վրա է վերցրել: Ավելին՝ տնօրենը եւ նրա գործընկերները աղջկան տրամադրել են թանկարժեք մետաղական իմպլանտներ, որոնք եւս պետպատվերում ներառված չէին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Աշտարակի կամուրջի տակ փրկարարները հայտնաբերել են 23-ամյա Ա.Չ.-ին: Նա տեղափոխվել էր Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղից շուտով Երեւան էր տեղափոխվել: Աղջիկն ուներ վերջույթների բազմաթիվ կոտրվածքներ եւ գլխի վնասվածքներ:
«Արմենիա» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի կենտրոնում որոշ ժամանակ անցկացնելուց հետո նա տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Անուշի հարազատները պատմել են, որ աղջիկը փորձել է ինքնասպանություն գործել աշխատանք գտնելու մի շարք անհաջող փորձերից հետո: Ա.Չ.-ն բուժքրոջ մասնագիտությամբ է սովորել, բայց չէր կարողանում աշխատել մասնագիտությամբ` ոչ իր հայրենի Աշտարակում, ոչ Երեւանում: Ըստ հարազատների՝ այդ ապրումների պատճառով էլ նա դիմել էր այդ քայլին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել