• Latest news

Ի՞նչ է կարելի անել թրոմբոզների կանխարգելման համար

19 հունվարի, 2018  18:30

Թրոմբոզը ծանր խնդիր է, որին աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ են բախվում, այդ թվում՝ Հայաստանում: Թրոմբոզի ժամանակ արյունատար անոթներում արյան մակարդուկներ են առաջանում, որոնք խոչընդոտում են արյան ազատ հոսքին: Եթե թրոմբը փակում է արտերիայի լուսանցքի լայնակի հատման մակերեսի 75 տոկոսից ավելին, արյան հոսքը, համապարասխանաբար՝ հյուսվածքներին թթվածնի մատակարարումը զգալիորեն նվազում են, եւ առաջանում են հիպոքսիայի ախտանիշներ: Իսկ եթե թրոմբը փակում է անոթի 90 տոկոսից ավելին, հյուսվածքների բջիջները, որոնց այս անոթը սնուցել է, սկսում են թթվածնի պակասի պատճառով մահանալ:

Թրոմբոզների առաջացման պատճառները մի քանիսն են՝ արյան բաղադրությունից (եթե մարդու մոտ, օրինակ, թրոմբոֆիլիա կամ գերկոագուլյացիա կա) մինչեւ անոթների պատերի նեղացում:

Արդյոք մարդը կարո՞ղ է թրոմբոզների եւ դրանց հետ կապված խնդիրների կանխարգելման համար ինչ-որ բան անել: Այս հարցի պարզաբանման շուրջ է NEWS.am Medicine-ի զրույցը Իտալիայի Հակակոագուլյացիոն կլինիկաների ֆեդերացիայի նախագահ, Մաջորի հիվանդանոցից (Միլան, Իտալիա) արյունաբան Մարկո Մոյայի հետ:

«Թրոմբոզները հաճախ մարդու ապրելակերպի հետեւանք են,- նշեց մասնագետը: - Որպես կանոն, խնդիրները սկսվում են թրոմբների եւ թրոմբոզների առաջացումից շատ տարիներ առաջ, եւ սկսվում են հատկապես մարդու ապրելակերպից: Հետեւաբար, եթե հիմա մարդը շտկի իր ապրելակերպը, ապա կնվազեցնի ապագայում թրոմբոզների եւ շատ այլ խնդիրների վտանգը»:

Մասնագետի խոսքով՝ թրոմբոզների առաջացման հավանականությունը զգալիորեն մեծացնում է ծխելը եւ ավելորդ քաշի/ճարպակալման առկայությունը, ուստի եթե մարդը ցանկանում է իր առողջությունը պահպանել, առաջին հերթին կարեւոր է ծխելուց ամբողջությամբ հրաժարվելը եւ քաշը վերահսկողության տակ պահելը:

Մեկ այլ լուրջ ռիսկի գործոնը նստակյաց ապրելակերպն է: Եթե մարդը թրոմբոզների ռիսկային խմբում է, ապա խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ նստել մի տեղում եւ հնարավորինս շատ շարժվել, զբոսնել, մարզվել:

«Այսպես՝ թրոմբոզի կանխարգելման համար հարկավոր է հրաժարվել ծխելուց, սպորտով զբաղվել եւ նորմայի սահմաններում վերահսկել քաշը: Այսինքն՝ սա այն ամենն է, ինչ պետք է անի յուրաքանչյուր մարդ»,- նշեց փորձագետը:

Շատ մասնագետներ թրոմբի կանխարգելման համար խորհուրդ են տալիս նաեւ օրվա ընթացքում շատ ջուր խմել: Ըստ Մարկո Մոյայի՝ մաքուր ջուր խմելն իսկապես խիստ կարեւոր է, հատկապես՝ տարեց մարդկանց համար, ովքեր հաճախ անտեսում են ջուրը, ինչը հանգեցնում է ջրազրկման: Ջուրը, իհարկե, ըստ մասնագետի, թրոմբոզը կանխել չի կարող, սակայն խմել այն առողջ ապրելակերպի շրջանակներում, միեւնույն է, անհրաժեշտ է:

Բժիշկ Մարկո Մոյան թրոմբոզի մասին դասախոսություններով է հանդես է գալիս այսօր Երեւանում մեկնարկած «Ամենը, ինչ պետք է իմանալ թրոմբոզի մասին» թեմայով միջազգային գիտաժողովում:

Ելույթ ունեցողների թվում են Լեյդենի համալսարանի պրոֆեսոր, Թրոմբոզի եւ հեմոստազի միջազգային միության նախկին նախագահ Ֆրից Ռոզենդալը, Աբեդենի համալսարանի պրոռեկտոր Մայքլ Գրիվսը, Միլանի համալսարանի պրոֆեսոր Ֆլորա Փեյվանդին, Իտալիայի Հակակոագուլյացիոն կլինիկաների ֆեդերացիայի նախագահ Մարկո Մոյան, ՌԴ Արյունաբանության հետազոտական կենտրոնի գիտքարտուղար Հունան Ջուլհակյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել