• Latest news

Մասիսի ԲԿ-ում ինչպե՞ս են էրիտրոցիտներ հայտնվել կանաչ թեյի մեջ, եւ ո՞վ է դրա համար պատասխան տալու

7 փետրվարի, 2018  15:30

Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի լաբորատորիայում անալիզների անցկացման որակի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո ԲԿ տնօրեն Նունե Ավանեսյանը որոշել է 2 փորձ անցկացնել. նա իր արյան անալիզը հանձնել է 3 տարբեր անուններով եւ 3 տարբեր պատասխան է ստացել, որից հետո մեզի փոխարեն կանաչ թեյ է հանձնել եւ ստացել է հիվանդ մարդու իսկական մեզի անալիզի պատասխան:

ԲԿ փոխտնօրեն Արմեն Սահակյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ սկսվել է հիվանդների բողոքներից. շատերն ասում էին, որ ԲԿ լաբորատորիայում անցկացված անալիզների արդյունքներին չեն վստահում: Ոմանք նույն անալիզները հանձնում էին այլ լաբորատորիաներում եւ նկատելիորեն տարբերվող պատասխաններ ստանում:

Փոխտնօրենի խոսքով՝ բժշկական կենտրոնում բազմիցս ժողովներ են անցկացրել, որոնց ժամանակ լաբորատորիայի աշխատակիցներին նախազգուշացրել են հիվանդների բողոքների մասին եւ խնդրել ավելի ուշադիր լինել: Սակայն բողոքները շարունակվել են, այս պատճառով տնօրենը որոշել է պարզել, թե այդ բողոքները որքանով են օբյեկտիվ:

Սկզբում նա 3 անգամ 3 տարբեր անուններով հանձնել է իր արյունը: Երեք պատասխաններն էլ այնքան տարբեր էին՝ կարծես իսկապես տարբեր մարդկանց արյուն էր:

«Տնօրենն առաջին 2 անալիզը հանձնել է միեւնույն օրը, իսկ երրորդը՝ հաջորդ օրը: Մի քանի ժամում մարդու հեմոգլոբինը կարող է 140-ից մինչեւ 112 իջնել, եթե նա առողջ է եւ արյունահոսություն չունի»,- նշեց փոխտնօրենը:

Երկրորդ փորձի համար ԲԿ ղեկավարությունը մեզի անալիզ հանձնելու տարայի մեջ կանաչ թեյ է լցրել, որը գույնով եւ կազմությամբ շատ նման էր իսկական մեզին: Այս նմուշի մեջ լաբորատորիայում էրիթրոցիտներ, լեյկոցիտներ, էպիթելեր են գտել, որոնց բջիջները թեյում սկզբունքորեն չէին կարող լինել:

Ինչպես նշեց փոխտնօրենը, հենց հաջորդ առավոտյան հիվանդանոցում ժողով են անցկացրել, որի ժամանակ ներկայացրել են երկու փորձերի արդյունքները: Լաբորատորիայի 8 աշխատակիցներ անմիջապես սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելու դիմում են գրել: Մեզի հետազոտությունների համար պատասխանատու լաբորանտը եւ բժիշկը դիմում չեն գրել, սակայն հեռացվելու իրազեկում են ստացել:

Արմեն Սահակյանի խոսքով՝ ղեկավարությունը չի պատրաստվում լաբորատորիայի բոլոր աշխատակիցներին հեռացնել, այլ միայն նրանց, ովքեր մասնակցել են հետազոտությունների անբարեխիղճ անցկացմանը: Այս կապակցությամբ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին:

«Նրանց թվում, ովքեր ազատվելու դիմում են գրել, կան բանիմաց, բարեխիղճ մարդիկ, որոնք տեղի ունեցածի հետ կապ չեն ունեցել եւ ցանկացել են ազատվել լաբորատորիայում կատարվածի հետեւանքով ամոթի զգացումից դրդված: Այս աշխատակիցները հիվանդանոցին պետք են, եւ ոչ մեկը չի պատրաստվում նրանց ազատել»,- նշեց փոխտնօրենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել