14 - ամյա Ջոել Մեսսին ֆուտբոլ էր խաղում իր ընկերների հետ, երբ հանկարծ նրա սիրտը կանգ է առել։ Նա անսպասելի կորցրել է իր գիտակցությունը, սակայն նրա ընկերները չեն շփոթվել: Բեն Սթիվենսը անմիջապես հիշել է, թե ինչ են իրենց սովորեցրել դպրոցում սիրտ - թոքային վերակենդանացման մասին եւ փորձել է գործնականում օգտագործել ձեռք բերված գիտելիքները։
Մյուս երկու տղաները (Սեմ Սիբորնը եւ Ռոդրի Ուիթթակերը) այդ նույն պահին շտապօգնություն են կանչել։ Ջոելի սիրտը կանգ է առել մի ամբողջ 10 րոպե, սակայն ի շնորհիվ իր ընկերների, նա ողջ է մնացել, և բժիշկների կանխատեսմամբ նա շուտով կապաքինվի։
Մեկ տարի առաջ, Ջոելի մոտ ախտորոշվել էր Ուոլֆ-Պարկինսոն–Ուայթի համախտանիշով բնածին սրտի արատ։ Ըստ բժիշկների՝ այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ սրտի նոպա երբեմն լինում է, բայց ոչ շատ հաճախ, եւ սովորաբար հանդիպում է տարեցների մոտ։ Ջոելի ընկերները հայտնել են Daily Mail-ին, որ երբ նա կորցրել է իր գիտակցությունը, նրանք սկզբում մտածել են, որ նա կատակում է, բայց հասկանալով, որ ամեն ինչ, ըստ էության, շատ ավելի լուրջ է, նրանք անմիջապես փորձել են հիշել, թե ինչպես է պետք սրտի մերսում կատարել եւ արհեստական շնչառություն տալ։
Ինքը՝ Ջոելը, հետո պատմել է, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է պատահել այդ օրը. «Ես չեմ կարողանում հավատալ այն ամենին, ինչ արել են տղաները: Ես պարտական եմ նրանց։ Նրանք փրկել են իմ կյանքը: Ես կարծում եմ, որ դա մեզ ավելի է մտերմացրել», - ասել է նա:
Ջոելը ասել է, որ արդեն լավ է իրեն զգում, բայց նա դեռ պետք է որոշ ժամանակ մնա հիվանդանոցում։ Ըստ Ջոելի բժշկի՝ պետք է կատարել սրտի վիրահատություն (աբլյացիա)՝ նրա սրտի աշխատանքի ռիթմը կարգավորելու, եւ հետագա խնդիրները կանխելու համար, որոնք կարող են առաջանալ Ուոլֆ-Պարկինսոնի – Ուայթ համախտանիշի պատճառով։ Եթե վիրահատությունը հաջող անցնի, ապա Ջոելը կարող է ապրել բնականոն կյանքով, առանց որեւէ դեղորայք ընդունելու։ Իսկ եթե վիրահատությունը չտա ցանկալի արդյունք, ապա անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել եւս մեկ վիրահատություն։
Ջոելի մայրը՝ Անդրեան, ասել է Daily Mail-ին, որ իր որդին բախտավոր է, որ ունի նման ընկերներ եւ նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նրանք Ջոելի կողքին չլինեին։
«Յուրաքանչյուր ոք պետք է սովորի, թե ինչպես կարելի է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, քանի որ երբեք չես իմանա, թե երբ եւ որտեղ այն պետք կգա», - ասել է Ջոելի մայրը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր