• Latest news

Պատանիները փրկել են իրենց ընկերոջ կյանքը՝ հիշելով դպրոցում սովորած սիրտ-թոքային վերակենդանացման մասին դասը (ֆոտո)

1 մայիսի, 2014  13:29

14 - ամյա Ջոել Մեսսին ֆուտբոլ էր խաղում իր ընկերների հետ, երբ հանկարծ նրա սիրտը կանգ է առել։ Նա անսպասելի կորցրել է իր գիտակցությունը, սակայն նրա ընկերները չեն շփոթվել: Բեն Սթիվենսը անմիջապես հիշել է, թե ինչ են իրենց սովորեցրել դպրոցում սիրտ - թոքային վերակենդանացման մասին  եւ փորձել է գործնականում օգտագործել ձեռք բերված գիտելիքները։

Մյուս երկու տղաները (Սեմ Սիբորնը եւ Ռոդրի Ուիթթակերը) այդ նույն պահին շտապօգնություն են կանչել։ Ջոելի սիրտը կանգ է առել մի ամբողջ 10 րոպե, սակայն ի շնորհիվ իր ընկերների, նա ողջ է մնացել, և բժիշկների կանխատեսմամբ նա շուտով կապաքինվի։

Մեկ տարի առաջ, Ջոելի մոտ ախտորոշվել էր Ուոլֆ-Պարկինսոն–Ուայթի համախտանիշով բնածին սրտի արատ։ Ըստ բժիշկների՝ այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ սրտի նոպա երբեմն լինում է, բայց ոչ շատ հաճախ, եւ սովորաբար հանդիպում է տարեցների մոտ։ Ջոելի ընկերները հայտնել են Daily Mail-ին, որ երբ նա կորցրել է իր գիտակցությունը, նրանք սկզբում մտածել են, որ նա կատակում է, բայց հասկանալով, որ ամեն ինչ, ըստ էության, շատ ավելի լուրջ է, նրանք անմիջապես փորձել են հիշել, թե ինչպես է  պետք սրտի մերսում կատարել եւ արհեստական շնչառություն տալ։

Ինքը՝ Ջոելը, հետո պատմել է, որ ոչինչ չի հիշում, թե ինչ է պատահել այդ օրը. «Ես չեմ կարողանում  հավատալ այն ամենին, ինչ արել են տղաները: Ես պարտական եմ նրանց։ Նրանք փրկել են իմ կյանքը: Ես կարծում եմ, որ դա մեզ ավելի է մտերմացրել», - ասել է նա:

Ջոելը ասել է, որ արդեն լավ է իրեն զգում, բայց նա դեռ պետք է որոշ ժամանակ մնա հիվանդանոցում։  Ըստ Ջոելի բժշկի՝ պետք է կատարել սրտի վիրահատություն (աբլյացիա)՝ նրա սրտի աշխատանքի ռիթմը կարգավորելու, եւ հետագա խնդիրները կանխելու համար, որոնք կարող են առաջանալ Ուոլֆ-Պարկինսոնի – Ուայթ համախտանիշի պատճառով։ Եթե վիրահատությունը հաջող անցնի, ապա Ջոելը կարող է ապրել բնականոն կյանքով, առանց որեւէ դեղորայք ընդունելու։ Իսկ եթե վիրահատությունը չտա ցանկալի արդյունք, ապա անհրաժեշտ կլինի հետագայում իրականացնել եւս մեկ վիրահատություն։

Ջոելի մայրը՝ Անդրեան, ասել է Daily Mail-ին, որ իր որդին բախտավոր է, որ ունի նման ընկերներ եւ նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե նրանք Ջոելի կողքին չլինեին։

«Յուրաքանչյուր ոք պետք է սովորի, թե ինչպես կարելի է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, քանի որ երբեք  չես իմանա, թե երբ եւ որտեղ այն պետք կգա», - ասել է Ջոելի մայրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է