• Latest news

Հայաստանում 3 առանձին ռազմավարություններ կներդրվեն ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար

22 փետրվարի, 2018  18:03

Հայաստանում ծրագրվում է ներդնել 3 առանձին ռազմավարական ծրագրեր ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար, որոնք ամենից շատ են խլում մարդկանց կյանքը. խոսքը վերաբերում է սիրտ-անոթային եւ ուռուցքային հիվանդություններին, ինչպես նաեւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդություններին: Հիվանդությունների հենց այս երեք խումբն է պատասխանատու երկրում մահվան դեպքերի 75 տոկոսի համար, պնդում է ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշները դեռեւս շատ բարձր են. մահացող մարդկանց մոտ 28 տոկոսը 35-ից մինչեւ 65 տարեկան է: Ամեն տարի երկրում գրանցվում է մահվան մոտ 28 հազար դեպք, որոնցից 8 հազարը 0-ից մինչեւ 65 տարեկան մարդիկ են, իսկ 6 հազարը՝ 35-ից մինչեւ 65 տարեկան: Մասնագետի խոսքով՝ ռազմավարությունների նպատակն է վերջին խմբում՝ աշխատունակ տարիքի մարդկանց շրջանում մահացությունը մեկ երրորդով կրճատելը:

Ինչպես նշեց Դավիթ Մելիք-Նուբարյանը, Հայաստանում այսօր էլ կա ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարություն, սակայն այն բոլորի համար ընդհանուր է: Քանի որ այս հիվանդությունների խմբերից յուրաքանչյուրն իր նրբություններն ունի եւ յուրովի մոտեցումներ է պահանջում, նպատակահարմար է մշակել առանձին ռազմավարություն՝ այս ամենը հաշվի առնելով:

Քանի որ հիվանդությունների 3 խմբում վտանգի ընդհանուր գործոններ կան, ռազմավարությունները շատ հարցերում կրկնվում են: Այսպես, օրինակ, ծխելը մեծացնում է ե՛ւ սիրտ-անոթային հիվանդությունների, ե՛ւ քաղցկեղի, ե՛ւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության հավանականությունը, ուստի ծխելու դեմ պայքարը յուրաքանչյուր ռազմավարության մեջ թիվ առաջին նպատակն է:

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում մեծ դերակատարում կունենան սքրինինգային ծրագրերը եւ մարդու պապիլոմայի վիրուսի դեմ պատվաստումը, որը բերում է քաղցկեղի մի քանի տեսակների զարգացման, այդ թվում՝ արգանդի վզիկի քաղցկեղի: Հեպատիտ В-ի դեմ պատվաստումը շատ կարեւոր է նաեւ լյարդի քաղցկեղի կանխարգելման գործում:

Ինչպես նշեց մասնագետը, թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունն արդեն պատրաստ է եւ շուտով քննարկելու համար կուղարկվի շահագրգիռ կողմերին: Որոշ ժամանակ անց այն կներկայացվի նաեւ հանրությանը: Ուռուցքային եւ սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարությունները մշակման փուլում են, նախատեսվում է դրանք քննարկման ներկայացնել ընթացիկ տարվա աշնանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել