• Latest news

Շատ հաճախ սուր ինֆարկտը սիրտ-անոթային հիվանդության առաջին ախտանշանն է. սրտաբան

12 մարտի, 2018  16:07

Սուր ինֆարկտը կարող է լինել սիրտ-աոթային հիվանդության առաջին ախտանշանը, հատկապես տղամարդկանց մոտ, եւ 15 տոկոս դեպքերում այն բերում է հանկարծակի մահվան: Հենց այս պատճառով շատ երկրներում սիրտ-անոթային հիվանդությունների դեմ պայքարը համարվում է ազգային անվտանգության խնդիր: Այս մասին մարտի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ինտերվենցիոն սրտաբան, «Էրեբունի» ԲԿ անգիոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար Մերուժան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ 1970-80-ական թվականներից, երբ զարգացած երկրներում պատերազմները դադարեցին բնակչության մահացության հարցում վճռորոշ դեր ունենալ, «թիվ առաջին մարդասպանը» դարձան սիրտ-անոթային հիվանդությունները: Այսօր աշխարհում սուր ինֆարկտի միջին ցուցանիշը կազմում է 100 հազար բնակչին 200 դեպք, մահվան մեկ երրորդ դեպքերի պատճառը սիրտ-անոթային հիվանդություններն են, ինչը կազմում է 100 հազար բնակչին մահվան 100-300 դեպք: Սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահացության ամենացածր ցուցանիշը գրանցված է Ճապոնիայում՝ 100 հազար բնակչին 50-35 դեպք: Զարգացած երկրներում՝ 100 հազար բնակչին գրեթե 100 դեպք, իսկ երրորդ աշխարհի երկրներում այս ցուցանիշն աճում է մինչեւ 300-350 դեպք:

Բժշկի խոսքով՝ Հայաստանում այս ցուցանիշներն առայժմ միջինից բարձր են. մեզ մոտ գրանցվում է 100 հազար բնակչին սուր ինֆարկտի 200 դեպք, այսինքն՝ տարեկան գրեթե 5000-5500 դեպք, որից 300-ը՝ մահվան ելքով:

Սուր ինֆարկտի դեպքում անվճար ստենտավորման պետական ծրագրի շրջանակում տարեկան կատարվում է մոտ 4 հազար միջամտություն: Եվս 2-3 հազար դեպք է կազմում քրոնիկական հիվանդների պլանային ստենտավորումը:

Մերուժան Սաղաթելյանը հավելեց, որ սիրտ-անոթային հիվանդությունները կարող են բավականին երկար ընթանալ առանց ախտանշանների, եւ սուր ինֆարկտը կարող է լինել հիվանդության առաջին ախտանշանը, իսկ 15 տոկոս դեպքերում՝ վերջինը: Այս պատճառով բժիշկը խորհուրդ է տալիս հետեւել առողջ կենսակերպի եւ 30 տարեկանից հետո գոնե 2 տարին մեկ անգամ կանխարգելիչ զննումներ անցնել: Նա նշեց, որ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառները դեռեւս մինչեւ վերջ պարզ չեն, սակայն կան վտանգի մի շարք խոշոր գործոններ, որոնց մասին պետք է իմանալ.

  • Ծխել
  • Արյան բարձր ճնշում
  • Շաքարախտ
  • Ճարպային փոխանակության խանգարում
  • Քրոնիկական սթրես

Մերուժան Սաղաթելյանի խոսքով՝ 35 տարեկանից հետո նշված ցանկից թեկուզ 2 գործոնի առկայության դեպքում սիրտ-անոթային որեւէ հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը աճում է տղամարդկանց շրջանում 35-40 տոկոսով եւ կանանց շրջանում՝ մինչեւ 25-30 տոկոսով: Հիվանդությունը երիտասարդանում է այն պատճառով, որ երիտասարդները առողջ կենսակերպի չեն հետեւում:

Սրտաբանը նաեւ հավելեց, որ սեզոնային դրսեւորումներն այնքան էլ հատուկ չեն սիրտ-անոթային հիվանդություններին, ինչպես, օրինակ, ինֆեկցիոն կամ բորբոքային հիվանդություններին: Սակայն եթե, այնուամենայնիվ, սեզոնայնության մասին խոսենք, ապա հիմնական բարձրակետը բաժին է ընկնում ոչ թե գարնանը եւ աշնանը, այլ ձմռանը՝ տարվա ամենացուրտ եղանակին:

«Բերված թվերից կարելի է եզրակացնել, որ սիրտ-անոթային հիվանդությունների դերը շատ մեծ է, իսկ զարգացած երկրներում այս հիվանդությունների դեմ պայքարը հասցված է ազգային անվտանգության մակարդակի»,- ասաց Մերուժան Սաղաթելյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել