Բրոնխային ասթման ամենատարածված շնչառական հիվանդություններից մեկն է։ Այն հանդիպում է մարդկանց 4-10%-ի մոտ։ Ինչպես լրագրողներին ասել է ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը, Հայաստանում ասթմայով տառապում է երեխաների մոտ 12%-ը եւ մեծահասակների մոտ 5-7%-ը։ Նա նաեւ նշել է, որ յուրաքանչյուր 10 տարին մեկ ասթմայով տառապող հիվանդների թիվը ամբողջ աշխարհում կրկնապատկվում է։
Այդ հիվանդության կանխարգելման միջոցներ կա՞ն։
Անդրանիկ Ոսկանյանը պատմել է լրագրողներին, որ մարդիկ հաճախ անգիտակցաբար կարող են անել մի բան, որի պատճառով իրենց երեխաների մոտ հետագայում ասթմա կզարգանա։ Հետեւաբար, եթե խուսափել այսպիսի «սադրիչ» գործողություններից, ապա հիվանդության առաջացման հավանականությունը զգալիորեն կնվազի։
Ինչպես նշել է թոքաբանը, բրոնխիալ ասթմայի առաջացման առաջին պատճառներից մեկը ծխախոտի ծուխն է։ Չծխողների ընտանիքներում ապրող երեխաների միայն 10-12% են հիվանդ ասթմայով, սակայն նրանց թիվը կրկնապատկվում է՝ հասնելով 24% -ի, եթե ընտանիքում կա թեկուզ մեկ ծխող։ Իսկ եթե ընտանիքում կա երկու ծխող, ապա երեխաների 32%-ը ձեռք է բերում ասթմա հիվանդություն։ Եթե ծխողները երեքն են կամ ավելի, ապա ասթմայի հավանականությունը երեխաների մոտ հասնում է 50% եւ ավելի։
Անդրանիկ Ոսկանյանը նշել է նաեւ, որ եթե ծխում են երեխայի ներկայությամբ, ապա նրա մոտ ասթմայի զարգացման հավանականությունը զգալիորեն մեծացնում է։ Եվ եթե դուք ծխում եք հղի կնոջ մոտ (կամ եթե նա ինքն է ծխում), ապա ի թիվս այլ հնարավոր խնդիրների՝ նրա երեխան կարող է ունենալ նաեւ ասթմա։
Ոմանք կարծում են, որ շրջակա միջավայրի եւ օդի աղտոտվածությունը նույնպես մեծ դեր է խաղում ասթմա առաջացնելու գործում։ Շրջակա միջավայրը, իհարկե, ունի իր դերը, բայց տարօրինակն այն է, որ որոշ տեղերում, որտեղ օդը մաքուր է, ասթմայի դեպքերը միեւնույն է շատ են։ Օրինակ, թոքաբանը ասել է լրագրողներին, որ աղտոտված Երեւանում ասթմայով հիվանդ մարդիկ ավելի քիչ են, քան Վանաձորում եւ Լոռիում, որտեղ օդը ավելի մաքուր է, քան մայրաքաղաքում։
Բրոնխային ասթմայի կանխարգելման համար մասնագետները խորհուրդ են տալիս տանը ինչքան հնարավոր է ավելի հաճախ մաքրության աշխատանքներ կատերել, ինչպես նաեւ որքան հնարավոր է ավելի քիչ «փոշի հավաքող» գորգեր, փափուկ խաղալիքներ եւ այլ նման առարկաներ պահել։ Ցանկալի է նաեւ օգտագործել հիպոալերգիկ կենցաղային իրեր, զգույշ լինել դեղամիջոցների հարցում եւ օգտագործել դրանք միայն բժիշկի նշանակմամբ, ինչպես նաեւ անհապաղ բուժել բոլոր հիվանդությունները՝ հատկապես շնչառական։ Եվ, իհարկե, թողնել ծխելը՝ կյանքից բացառելով նաեւ պասիվ ծխելը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day